22:14  ,  4 օգոստոսի, 2020

Բուֆոնը՝ Կասիլյասին․ Առանց քեզ այս ամենը պակաս նշանակալի կլիներ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 42-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալի», պորտուգալական «Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ, 39-ամյա Իկեր Կասիլյասին, որը հայտարարել է կարիեան ավարտելու մասին։

«Մարդիկ ասում են, որ մրցակցությունը մեզ ուրիշներից ուժեղ է դարձնում, բայց այն նաեւ մեզ դարձնում է ավելի պահանջկոտ մեր նկատմամբ։ Գուցե, կատարելության այս ձգտումը մեզ դարձրել է այն, ինչ կանք։ Շնորհակալություն, Իկեր։ Առանց քեզ այս ամենը պակաս նշանակալի կլիներ»,- Թվիթերում գրել է իտալացի դարպասապահը։

Կասիլյասը «Ռեալում» անցկացրել է 25 տարի՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։

2019թ․ մայիսի Կասիլյասը «Պորտուի» մարզման ժամանակ տարել էր սրտամկանի կաթված։ Դրանից հետո նա չի խաղացել։  «Պորտուում» Կասիլյասը նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում