19:42  ,  4 օգոստոսի, 2020

ՀԲՖ նախագահի արտահերթ ընտրությունը տեղի չի ունեցել

Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի չի ունեցել: Ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի (մարզաձեւի միջազգային ֆեդերացիա) պատասխանին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց ՀԲՖ դեռեւս գործող նախագահ Արթուր Գեւորգյանը:

«Ընտրությունները տեղի չեն ունեցել, քանի որ դեռեւս ԱԻԲԱ-ից պատասխան չունենք»,- ասել է Արթուր Գեւորգյանը:

Ավելի վաղ ՀԲՖ նախագահը NEWS.am Sport-ին հայտնել էր, որ տեղի չի ունեցել նաեւ հուլիսի 30-ին նախատեսված գործադիր կոմիտեի նիստը:

«Հուլիսի 27-ին բռցնքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր ֆեդերացիային եւ 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանումներ պահանջել օգոստոսի 3-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ: Ֆեդերացիան այդ կետերին եւ հարցերին պատշաճ պատասխանել է անհրաժեշտ փաստաթղթերով եւ այժմ սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին»,- նշել էր Արթուր Գեւորգյանը:

2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել է հետախուզում: Մայիսի 21-ին Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները:

Հունիսի 14-ին Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին եւ առաջիկայում նախագահի արտահերթ ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի ուշ ֆեդերացիան ընտրությունների անցկացման օր նշանակեց օգոստոսի 3-ը, իսկ հուլիսի 29-ը թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, մինչ այս պահը երկու թեկնածու է առաջադրվել՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը եւ «Վիվառո» ընկերության ներկայացուցիչ Վահագն Բադալյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում