12:25  ,  4 օգոստոսի, 2020

Ջրառատ համայնքում կկառուցվի նոր մարզադպրոց

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կկառուցվի նոր մարզադպրոց, տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը:

Կառավարության 07.05.2020 թվականի նիստի թիվ 709-Ն որոշմամբ բյուջեով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին նախատեսվել է մշակել Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի նոր մարզադպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Օբյեկտի կառուցման համար արդեն իսկ հատկացվել է անհրաժեշտ հողատարածք:

Ներկայումս ծանրամարտի մարզադպրոցը գործում է Ջրառատ համայնքի մշակույթի տան շենքում և գտնվում է անբարեկարգ վիճակում, հարմարեցված չէ ծանրամարտի մարզումների համար:

Նշված ծրագրի մեկնարկը ապահովելու համար ս.թ. հուլիսի 30-ին Կոմիտեում քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության կողմից կազմակերպվել էր հանդիպում ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի, նրա եղբոր Արսեն Մարտիրոսյանի և ճանաչված մարզիկների մարզիչ Նարեկ Խաչատրյանի հետ:

Քննարկման ընթացքում ուրվագծվել է մարզադպրոցի կառուցվածքը և առանձնահատկությունները, որի արդյունքում, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, որոշվել է կազմակերպել գնման գործընթաց»,- ասված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում