16:03  ,  3 օգոստոսի, 2020

Ալեքսանդր Կարապետյան․ Ես դեռ ապացուցելու բան ունեմ Ռուսաստանում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»: Օրեր առաջ ռուսական «Սոչիից» հեռացած 32-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Տամբովին» և կնքել 2 տարվա պայմանագիր:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը պատմել է, թե ինչպես է ստացվել նրա տեղափոխությունը ռուսական ակումբ:

«Նրանք զանգեցին ինձ, զրուցեցինք և ինձ դուր եկավ նրանց առաջարկը և այն, թե որքան շատ էին ինձ ցանկանում տեսնել թիմում: Տեսնելով նրանց ցանկությունը՝ միանգամից նստեցի ինքնաթիռ և ուղևորվեցի Տամբով:

Արդեն հանդիպել եմ ակումբի նախագահի ու գլխավոր մարզիչի հետ: Ինձ շատ դուր եկավ այս ակումբն ու նրանց կարծիքն իմ մասին:

Վստահ եմ, որ այստեղ կունենամ ավելի շատ խաղալու հնարավորություն, քան «Սոչիում» և կլինեմ թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Հուսով եմ, որ օգտակար կլինեմ թիմին: Ֆինանսական առումով այստեղ պայմանները գրեթե նույնն են, ինչ «Սոչիում»: Ամեն բան գոհացնում է ինձ:

Թիմի հետ դեռ չեմ հասցրել ծանոթանալ: Այսօր կանցկացնեմ առաջին մարզումը և կծանոթանամ նոր թիմակիցներիս հետ»,- նշեց ֆուտբոլիստը:

Հարցին, թե ինչու ընտրությունը կանգ առավ հենց «Տամբովի» վրա, քանի որ նա առաջարկներ ուներ նաև այլ երկրներից, ֆուտբոլիստը նշեց հետևյալը.

«Ես առաջարկներ ունեի ինչպես արտասահմանից, այնպես էլ նաև Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ևս 2 ակումբներից, բայց ցանկացա խաղալ հենց այստեղ:

«Սոչիում» ինձ հնարավորություն չէին տալիս, չէի ստանում բավականաչափ խաղաժամանակ, և չկարողացա ցուցադրել իմ ամբողջ ներուժը: Ես դեռ ապացուցելու բան ունեմ Ռուսաստանում: Այստեղ կունենամ այդ հնարավորությունը: Վաղուց չեմ խաղացել մեկնարկային րոպեներից, բայց պահպանում եմ լավ մարզավիճակը և կարող եմ արագորեն մտնել խաղի մեջ: Երբեք չեմ ունեցել խաղակցվածության խնդիր, վստահ եմ, որ այստեղ ևս խնդիրներ չեմ ունենա հարմարվելու հետ»:

Ալեքսանդր Կարապետյանի տեղափոխությանը նպաստել է նաև Ռուսաստանում բնակվող հայ գործակալ Նշան Դեպելյանը: Հարձակվողի խոսքով՝ նա Դեպելյանի հետ ծանոթացել էր Սոչիում:

«Երբ ես նոյեմբերին ճանաչվեցի «Սոչիի» լավագույն ֆուտբոլիստ, Սոչիի հայկական համայնքն ընթրիք էր կազմակերպել: Ես և Ռոման Բերեզովսկին նույնպես հրավիրված էինք, կային շատ հայեր, այդ թվում՝ Նշան Դեպելյանը: Մենք ծանոթացանք, և նա ասաց, որ օգնում է ֆուտբոլիստներին տեղափոխությունների հարցում: Օրեր առաջ նա ինձ հայտնեց, որ կա այսպիսի տարբերակ, իսկ ես ասացի՝ ինչու՝ ոչ: Բացի այդ, արդեն քիչ ժամանակ էր մնում»,- նշեց հայ հարձակվողը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը անցած տարվա ամռանը Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորն» ակումբից էր տեղափոխվել «Սոչի», որի կազմում Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 21 խաղի։ Խաղադաշտում անցկացնելով 490 րոպե՝ նա դարձել է 2 գոլի հեղինակ:

«Տամբովը» նախորդ տարի էր նվաճել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: Ավարտված առաջնությունում թիմը 16 ակումբների պայքարում գրավեց 14-րդ տեղը և կարողացավ մնալ ուժեղագույնների լիգայում: Ավարտված առաջնության սկզբնամասում «Տամբովը» գլխավորում էր այժմ Երևանի «Ուրարտուում» աշխատող Ալեքսանդր Գրիգորյանը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով