15:27  ,  2 օգոստոսի, 2020

Չիրո Իմոբիլե․ Երբեմն երազանքները կատարվում են

Հռոմի «Լացիոյի» 30-ամյա իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է հաղթանակը Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար մրցավազքում։ Իտալիայի ավարտված առաջնությունում Իմոբիլեն մասնակցեց 37 հանդիպման եւ խփեց 36 գոլ։

«Շատ հպարտ եմ։ Երբ շատ ես հավատում, երբեմն երազանքները կատարվում են։ Շնորհակալ եմ թիմակիցներիս, մարզչական շտաբին։ Սա ամբողջ թիմի նվաճումն է։ Շնորհակալ եմ «Լացիոյի» երկրպագուներին, որոնք ստիպեցին ինձ զգալ անփոխարինելի այս թիմում։

Չհանձնվելու դեպքում, հնարավոր է հասնել ամեն նպատակի։ Շատ հպարտ եմ, որ իմ տեղն ունեցա ֆուտբոլի պատմության մեջ»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է Gazetta.it-ը։

Լավագույն եռյակում Իմոբիլեն հետ է թողել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն (34 գոլ) եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (31 գոլ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում