14:14  +04,  30 հուլիսի, 2020

Exclusive. Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիից» հեռանալու պատճառների մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է ռուսական «Սոչիից»: Այդ մասին 32-ամյա ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Կարապետյանի պայմանագիրն ավարտվել է, և նա ռուսական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում: Կարապետյանը անցած տարվա ամռանը Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորն» ակումբից էր տեղափոխվել «Սոչի», որի կազմում Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 21 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Ալեքսանդր, «Սոչիի» հետ պայմանագիրդ ավարտվել է: Դու արդեն հեռացե՞լ ես թիմից:

Ես դեռ Սոչիում եմ, բայց չեմ երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Հուսահատություն չկա, քանի որ ցանկանում եմ լինել այնպիսի ակումբում, որտեղ կստանամ խաղալու հնարավորություն: Այստեղ քիչ խաղաժամանակ էի ստանում, ինչը չի կարող գոհացնել ինձ: Սոչի քաղաքը պարզապես հիանալի է, թիմի տղաները՝ նույնպես, բայց այնքան էլ չես ցանկանում ֆուտբոլում վերջին տարիներդ անցկացնել պահեստայինների նստարանին:

Այս պահին առաջարկներ ունե՞ս այլ ակումբներից:

Առաջարկներ ունեմ, բայց այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե որ ակումբներից: Ունեմ առաջարկներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ արտասահմանից: Լյուքսեմբուրգ դեռ չեմ վերադառնալու, կմնամ Սոչիում և այստեղից կտեղափոխվեմ նոր ակումբ: Այս պահին դեռ սպասում եմ:

Եթե լավ առաջարկ ստանաս հայկական ակումբներից, կցանկանա՞ս խաղալ ու ապրել Հայաստանում:

Ինչու՝ ոչ: Ես սիրում եմ ճանապարհորդել: Իհարկե, կցանկանայի կարիերայիս ընթացքում խաղալ նաև իմ հարազատ երկրում, սակայն չեմ կարող ասել՝ դա կլինի հիմա, թե, օրինակ, մեկ տարի հետո: Հետևում եմ Հայաստանի առաջնությանը և տեսնում, որ այն տարեցտարի ավելի է ուժեղանում:

Կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո ավելի քիչ խաղաժամանակ էիր ստանում: Դա կապված էր քո մարզավիճակի՞ հետ, թե՞ կային այլ պատճառներ:

Ես հրաշալի մարզավիճակում էի, ջանասիրաբար աշխատում էի մարզումներին, փորձում արդյունավետ օգտագործել ինձ տրամադրած խաղաժամանակը, բայց մարզիչը շատ քիչ էր փոխարինումներ կատարում: Խաղադաշտում 5 կամ 10 րոպե անցկացնելը չի կարող գոհացնել ինձ:

Ալեքսանդր, մեկ մրցաշրջան անցկացրիր Ռուսաստանի առաջնությունում: Մինչև Ռուսաստան տեղափոխվելը հենց այդպիսի՞ն էիր պատկերացնում Պրեմյեր լիգան:

Ինձ այստեղ շատ դուր եկան ստադիոնները, երկրպագուները, սակայն ես համոզված եմ, որ իմ խաղամակարդակը թույլ տալիս է, որպեսզի հնարավորություն ստանամ հանդես գալ մեկնարկային կազմում և անցկացնել ամբողջական հանդիպումներ:

«Սոչիում» թեժ մրցակցություն է հենց հարձակման գծում: Արդյո՞ք այն քեզ դարձրեց ավելի ուժեղ: Ամեն դեպքում, «մրցակիցներդ» շատ ավելի բարձր վարձատրվող տեղացի խաղացողներ էին:

Իհարկե, մրցակցությունը միշտ արդյունավետ է լինում: Դա միշտ խթանում է ավելի շատ մարզվելուն ու ավելացնում է մոտիվացիան:

Վերջերս Հայաստանի հավաքականում խաղալու որոշում էր կայացրել «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Ըստ քեզ՝ ի՞նչ կավելացնի նա ազգային թիմում:

Շատ ուրախ եմ, որ Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի հավաքականում: Նա շատ լավ խաղացող է: Ուրախալի է, որ այդպիսի փորձառու ու բարձր որակներով խաղացողներն օգնելու են մեր թիմին: Մենք ունենք ընդհանուր ընկեր՝ Ռուսլան Ջանաևը: Ես լսել եմ, որ Խորենը շատ հետաքրքիր ու լավ անձնավորություն է:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ