18:43  ,  28 հուլիսի, 2020

Գյումրի - Երևան տրանզիտ. Ի՞նչ պետք է իմանալ «Արարատում» ու «Շիրակում» փոփոխությունների մասին (ֆոտո)

Օրեր առաջ հերթական աղմկահարույց նորությունը հայտնվեց հայկական ֆուտբոլում: Ֆուտբոլային աշխարհում տրանսֆերները սովորական երևույթ են, սակայն հաճախ չես հանդիպի, երբ մի ակումբից մյուսն է տեղափոխվում մի ամբողջ թիմ՝ գլխավոր մարզիչով, առանցքային ֆուտբոլիստներով ու նույնիսկ՝ հովանավորներով:

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի «Շիրակն», այսպես ասած, «տեղափոխվում» է Երևանի «Արարատ»: Արդեն «Շիրակից» «Արարատ» է տեղափոխվել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որը մոտ 10 տարի աշխատում էր Գյումրիի թիմում: Նրա հետ երևանյան ակումբ են ուղևորվել նաև թիմի առանցքային խաղացողներից մի քանիսը, առաջիկայում սպասվում են նույն ուղղությամբ նոր տրանսֆերներ:

Եթե հիշենք նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր, Վարդան Բիչախչյանը բացառել էր ազգային թիմը գլխավորելու տարբերակը՝ նշելով, որ իր բոլոր մտքերը կապված են «Շիրակի» հետ: Հիմա ի՞նչը փորձառու մասնագետին ստիպեց հեռանալ հարազատ ակումբից ու քաղաքից. երևի՝ ավելի ամբիցիոզ նախագծում աշխատելու հնարավորությունը:

Վերջին տարիներին «Արարատն» ամբիցիոզ նախագիծ համարելը շատ բարդ է, և հիասթափությունների ալիքները հաջորդում են մեկը մյուսին: Վերջապես ե՞րբ և ո՞վ է լեգենդար ակումբին վերադարձնելու նախկին փառքը: «Արարատում» այս ընթացքում փոփոխություններ շատ են եղել, նույնիսկ՝ ղեկավար կազմում, իսկ մարզչական փոփոխությունները հաշվելու համար անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ: Մի փոքր անհասկանալի է, թե զարգացման ի՞նչ ուղի է ընտրել լեգենդար ակումբը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արարատի» սեփականատերերին միանալու և ակումբը ղեկավարելու է «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանը, որը վերջին տարիներին վատ աշխատանք չի կատարել Գյումրիի թիմում: Վերջին տարիներին «Շիրակը» վատ չի վաստակել արտասահմանցի ֆուտբոլիստների տրանսֆերներից, պահպանում է տեղացի խաղացողների ու լեգեոնականների համադրությունը, և որ ամենակարևորն է, ապացուցում է, որ Հայաստանում հնարավոր է ֆուտբոլ ունենալ ու այն զարգացնել նաև Երևանից հեռու՝ այլ մարզում:

Հենց «Շիրակի» դեմ խաղերում են մրցակիցները զգում արտագնա հանդիպման դժվարությունները: Պայմանավորված խաղ անցկացնելու սկանդալ, ՀՖՖ ղեկավարության հետ լարված հարաբերություններ, ՀՖՖ կազմից դուրս մնալ, բայց չկոտրվել ու պայքարել մինչև վերջ, նույնիսկ՝ չեմպիոնության համար: Այսպիսին էր «Շիրակը»՝ գյումրեցու թասիբով ու դժվարությանը դեմ առ դեմ կանգնելու ու հաղթահարելու բնազդով: Համաձայնեք, որ այժմ «Արարատին» անհրաժեշտ է հենց հստակ նպատակներով, կայուն ու չտատանվող ծրագրերով ղեկավար:

Տևական ժամանակ «Արարատը» ֆինանսավորում է Շվեյցարիայում բնակվող հայ գործարար Վարդան Սրմաքեշը: Նա, միանշանակ, հայկական ֆուտբոլի նվիրյալներից է, սակայն, ինչպես ասում են՝ մարդ պետք է իր գործի գլխին լինի: Այս պարագայում Վարդան Սրմաքեշի ու Արման Սահակյանի համագործակցությունը կարող է արդյունավետ ստացվել: Եթե Սրմաքեշի ներդրումներին գումարվի ճիշտ ու հետևողական կառավարումը, դա կարող է դառնալ հաջողության գլխավոր գրավականը:

«Արարատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Արթուր Նազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում:

«Թիմի առջև դրվելու են միայն բարձր խնդիրներ, ինչի մասին ավելի մանրամասն կարող է պատմել մարզիչը: Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ամեն բան ընթանում է արտակարգ ռեժիմում: Դեռ պետք է հասկանալ, թե ինչպես վերջնականապես կկազմավորվի թիմը, քանի որ, ինչպես գիտեք, այս տարի տրանսֆերային պատուհանը փակվելու է սովորականից ավելի ուշ՝ հոկտեմբերին:

Այս պահին շատ բան ենք փորձում փոխել ակումբում: Պետք է հասկանալ, որ ակումբը դա միայն թիմը չէ: Անելիքները շատ են, ծրագրերը՝ նույնպես: Առաջիկայում կան շատ աշխատանքներ՝ սկսած մարզաբազայից մինչև ենթակառուցվածքների բարելավում: Ամեն բան պետք է կատարվի փուլ առ փուլ»,- նշեց Արթուր Նազարյանը:

Հարցին, թե արդյո՞ք Արման Սահակյանը նույնպես միանալու է «Արարատին», ակումբի գլխավոր տնօրենը նշեց հետևյալը.

«Այս պահին «Արարատի» ղեկավար կազմում փոփոխություններ չկան, սակայն ընթանում են բանակցություններ: Չեմ բացառի, որ փոփոխություններ սպասվում են: Հնարավոր է, որ ակումբում կատարվեն որոշակի փոփոխություններ և կլինեն նաև նոր ներդրողներ»:

Վարդան Բիչախչյանի հեռանալուց հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ նշանակվեց թիմի լեգենդար ավագ Տիգրան Դավթյանը, որը մինչև այդ գլխավորում էր գյումրեցիների երկրորդ թիմը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Դավթյանը նշեց, որ չնայած մի շարք առաջատար խաղացողների հեռանալուն՝ թիմը մեծ եռանդով պատրաստվում է եվրագավաթային նոր մրցաշրջանին և սկսել է փորձարկել նոր խաղացողների:

«Առանցքային խաղացողներից մի քանիսը հեռացել են թիմից, մնացել են տեղացի խաղացողները, նաև մեզ հետ մարզվում են թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Մեր տեսադաշտում կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են առաջիկայում միանալ թիմին: Այս տարի հանդես ենք գալու մեր երիտասարդ ֆուտբոլիստներով:

Այս պահին թիմում մարզվում են միայն 2 լեգեոնականներ՝ Մորի Կոնեն ու Ավո Լեյբ Ժունիորը: Մեզ հետ են նաև «Շիրակի» երկրորդ թիմի խաղացողներ: Կփորձենք հասկանալ նրանց հնարավորություններն ու կարողությունները․ ով արդարացնի սպասելիքները, կմնա գլխավոր թիմում:

Նոր մրցաշրջանում մեր առջև նպատակ է դրված ցուցադրել լավ խաղ, ունենալ մարտունակ թիմ, լավ հանդես գալ եվրագավաթային հանդիպումներում ու Հայաստանի առաջնությունում»,- ասաց երիտասարդ մասնագետը:

Հարցին, թե «Շիրակի» ղեկավար կազմում փոփոխություն տեղի ունեցել է, և արդյոք ակումբն ունի ֆինանսական խնդիրներ, Տիգրան Դավթյանը նշեց.

«Մեր ակումբը ֆինանսական որևէ խնդիր չունի, պայմաններն ինչպես եղել են, այդպես էլ մնացել են: Ամեն բան ընթանում է բնականոն հունով: Ակումբի ղեկավարությունում փոփոխություններ չկան, այդ հարցով ավելի ճիշտ կլինի դիմել մամուլի ծառայությանը»:

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստից հետաքրքրվեցինք, թե ֆուտբոլային քաղաքն ու ակումբի երկրպագուներն ինչպես են արձագանքել այս փոփոխություններին, արդյո՞ք կա հիասթափության ալիք: Մարզիչի խոսքով՝ այդ կապակցությամբ կարծիքները տարբեր են:

«Ցանկացած մարդ ունի իր կարծիքը. ոմանք կարծում են, որ որոշ ֆուտբոլիստների հեռանալով թիմը թուլացել է, իսկ մյուս մասն ասում է, որ ավելի լավ է, քանի որ մեր տեղի կադրերը կստանան խաղալու հնարավորություն ու ավելի շատ խաղաժամանակ, և որքան պետք է դրսից ֆուտբոլիստներ հրավիրվեն, իսկ մեր խաղացողները մնան նույն տեղում: Մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնք կարող են օգուտ տալ ինչպես «Շիրակին», այնպես էլ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին»,- խոսքը եզրափակեց Տիգրան Դավթյանը:

Թե ինչ կտան այս փոփոխությունները հայկական ֆուտբոլին, ցույց կտա ժամանակը: Գուցե, վերջապես հնարավոր կլինի «Արարատին» վերադարձնել նախկին փառքն ու համբավը, իսկ «Շիրակը» գյումրեցու թասիբով ու իր հզոր երկրպագուների օգնությամբ կփորձի հաղթահարել նաև այս փուլը և տաղանդների քաղաքին դարձյալ պարգևել ֆուտբոլային հաղթանակների բերկրանքը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով