22:07  ,  27 հուլիսի, 2020

Արթուր Գեւորգյան․ Ընտրությունը տեղի կունենա, պատրաստ եմ գործընթացը հանձնել ԿԳՄՍ նախարարությանը

ԱԻԲԱ-ն չի հաստատել օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հ/կ-ի մամուլի քարտուղարությունից՝ հիմք ընդունելով հուլիսի 27-ին ԱԻԲԱ-ի ուղարկած նամակը ՀԲՖ-ին, ԿԳՄՍ նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին:

«Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) չի հաստատել օգոստոսի 3-ին կայանալիք բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրությունները:

Բռնցքամարտի միջազգային կառույցը գտել է, որ նախատեսված ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում կան բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ, և նախատեսված ընտրությունները չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոններին:

ԱԻԲԱ-ն նշել է, որ նոր ընտրությունների ժամանակահատվածի հետ կապված հարցերը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կքննարկի այն ժամանակ, երբ կվերանայեն Հայաստանի ֆեդերացիայի կանոնադրությունը և երբ այն կհամապատասխանի ԱԻԲԱ-ի կանոնադրությանը:

Նոր ուսումնասիրությունների համար բռնցքամարտի միջազգային կառույցը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից 14-օրյա ժամկետում պահանջել է մեկ տասնյակից ավելի հարցերի պատասխաններ և մի շարք փաստաթղթեր, այդ թվում հունիսի 15-ի փոփոխված կանոնադրությունը, թե ինչ ձևաչափով է կայացել այդ փոփոխությունը և ովքեր են մասնակցել դրան ու ինչպես:

ԱԻԲԱ-ն հարցում է կատարել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հեռացված անձանց ու կազմակերպությունների վերաբերյալ՝ պահանջելով հստակ բացատրություն, թե ինչի համար են այդ մարդիկ ու կազմակերպությունները հեռացվել բռնցքամարտի ֆեդերացիայի կազմից: ԱԻԲԱ-ին հետաքրրող հարցերի թվում է նաև այն, թե ով է փոխարինել Արթուր Գևորգյանին նրա հրաժարականից հետո»,- փոխանցում է «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հ/կ-ն:

ԱԻԲԱ-ի կողմից ուղարկված նամակը NEWS.am Sport-ին տրամադրեց «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հ/կ-ն:

ՀԲՖ դեռեւս գործող նախագահ Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը եւ հայտարարեց, որ նոր նախագահի ընտրությունները կայանալու են նախապես նշանակված ժամկետներում:

«Ես զարմանում եմ, թե որտեղից են նման անհեթեթ լուրեր տարածվում: Նման մեկնաբանություն, կարծիք եւ համոզմունք կարող է հայտնել միայն ՀԲՖ-ն եւ ԿԳՄՍ-ն, ում հետ մենք համագործակցում ենք: Եթե ընտրություններից հետո կլինեն կասկածներ, անհամաձայնություններ ընտրությունների օրինականության հետ կապված, կարող են դիմել դատարան: Մնացած խոսակցությունները բամբասանքների մակարդակում են:

Ընտրություն է դրած, եկեք մասնակցեք:

Մենք մշտապես նամակագրության մեջ ենք ԱԻԲԱ-ի հետ: Սրանից դեռեւս մեկ ամիս առաջ ԱԻԲԱ-ին տեղեկացրեցինք, որ ցանկանում ենք արտահերթ ընտրություն անցկացնել, ԱԻԲԱ-ն տվեց իր համաձայնությունը եւ խնդրեց նախապես տեղյակ պահել օրը: Օրը որոշելուց հետո կրկին նամակագրությամբ ԱԻԲԱ-ին տեղյակ ենք պահել եւ առաջարկել ենք նաեւ ներկայացուցիչ գործուղել Հայաստան հետեւելու ընտրություններին, որի ծախսերը ֆեդերացիան վերցնում է իր վրա:

Ինչ վերաբերում է այսօրվա նամակին, այստեղ մի քանի կետերի պարզաբանումներ է ցանկանում ԱԻԲԱ-ն: Օրինակ՝ ինչու ենք կանոնադրության` թեկնածուների մասին կետում փոփոխություն մտցրել եւ ինչու է ֆեդերացիան հնարավորություն տալիս ոչ գործադիրի անդամ մարդկանց առաջադրվելու եւ այսպես մի շարք կետեր: Այս եւ մյուս 13 կետերի պարզաբանումները փաստաթղթերով ԱԻԲԱ-ն ժամանակին ստացել է, բայց վաղը կրկին փաստաթղթերով եւ պարզաբանումներով կստանա. գուցե նամակների բազայում խնդիր ունեն: Որեւէ տեղ ասված չէ, որ ընտրությունները չեն կայանալու:

Կանոնադրությունում փոփոխություն կատարելուց հետո այն հաստատվել է ԱԻԲԱ-ի կողմից, որից հետո միայն մեր երկրում գրանցվել պետռեգիստրում: ԱԻԲԱ-ն չի հաստատում ընտրությունների անցկացման օրը, այլ տալիս է իր համաձայնությունը ընտրություններ անցկացնելու, որից հետո ի գիտություն ընդունում ընտրությունների արդյունքները:

Ամեն գնով փորձ է արվում խոչընդոտել ընտրությունների անցկացումը: Ազատ ընտրություններ են, եկեք առաջադրվեք։ Ո՞րն է խնդիրը, կամ ո՞վ է խնդիրը...

Պատրաստ եմ ընտրությունների անցկացման գործընթացը հանձնել սպորտի նախարարությանը, որպեսզի իրենք կազմակերպեն, անցկացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ միեւնույն է, թե ով կընտրվի, միայն թե իմ պարտքն եմ համարում 7 տարի ֆեդերացիան պատվով ղեկավարելուց հետո կառավարումը օրինական ճանապարհով հանձնել նոր նախագահին:

Թե ինչ նամակագրություն կունենա ֆեդերացիան ԱԻԲԱ-ի հետ, ինչ պարզաբանում կպահանջի եւ կստանա ԱԻԲԱ-ն, դա մեր գործն է: Միայն թե զարմանալի է՝ զուգահեռաբար նախարարությանն ու ՀԱՕԿ-ին ուղարկված նամակն ինչպե՞ս է հայտնվում օտար կազմակերպության ձեռքում կամ մամուլում, եթե պաշտոնապես ՀԱՕԿ-ը կամ ԿԳՄՍ-ն չեն տարածում:

Ովքեր անհանգստանում են, թող հանգիստ նստեն տեղները. ընտրությունները տեղի կունենան  նշանակված օրը»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով