09:14  ,  25 հուլիսի, 2020

ԲՀԱՖ նախագահ Հովհաննես Հովսեփյան․ Եթե Հայաստանում անցկացվի օրինական ընտրություններ, կառաջադրվեմ

Օգոստոսի 3-ին անցկացվելիք ՀԲՖ նախագահի ընտրությունում իմ թեկնածությունը դեռ չեմ առաջադրել, դեռ մտածում ենք՝ մասնակցել, թե ոչ, քանի որ ինչպես նախորդ, այս անգամն էլ մեր պահանջն օրինական ընտրություններն են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Օգոստոսի 3-ին տեղի կունենա ՀԲՖ նոր նախագահի ընտրությունները, մինչեւ հուլիսի 29-նն էլ ցանկացողները կարող են առաջադրվել:

«Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հ/կ-ի նախագահը մինչ այս պահը չի առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում: Ըստ նրա, ԱԻԲԱ-ն կրկին արձագրում է ընտրությունների կանոնակարգում խախտումների մասին:

«Քիչ առաջ ծանոթացա ԱԻԲԱ-ի կողմից ՀԲՖ-ին, ՀԱՕԿ-ին եւ ԿԳՄՍ-ին ուղղված նամակին, որտեղ կրկին խոսվում է խախտումների մասին: Միշտ ասել եմ եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, որ եթե Հայաստանում անցկացվի օրինական ընտրություններ, կառաջադրվեմ: Բայց եթե ԱԻԲԱ-ն արձանագրում է խախտումներ կանոնադրությունը պահելու մեջ, ինչպե՞ս կարող եմ առաջադրվել: Որքան ես հասկացա, ԱԻԲԱ-ն իր դժգոհությունն է հայտնել, որ տեղեկացված չի եղել ընտրությունների ընթացակարգի վերաբերյալ եւ չի ստացել գործկոմի անդամների ցանկը: Որեւէ մեկը Հայաստանից չի բողոքարկել ԱԻԲԱ-ին: Միջազգային կառույցն է իր անհագստությունը հայտնել: ԱԻԲԱ-ն նաեւ տեղյակ է պահում Հայաստանի սպորտային կառույցներին, որ վերջին երկու տարիներին ֆեդերացիայում խնդիրներ են եղել եւ հենց այդ պատճառով ցանկանում են հետեւողական լինել, որպեսզի ամեն ինչ լինի օրինական:

Ստացվում է, որ մինչ օրս ՀԲՖ-ն նույնիսկ ԱԻԲԱ-ին չի տեղեկացրել ընտրությունների ընթացակարգը, գործկոմի անդամների ցուցակը եւ սա էլ դարձել է անհանգստության պատճառ: Ինչպես կարող եմ ես առաջադրվել, քանի դեռ ԱԻԲԱ-ն պատասխանը չի տվել՝ օգոստոսի 3-ին կայանալիք ընտրություններն օրինաչափ են, թե ոչ: Որտե՞ղ առաջադրվենք՝ անօրինական կազմակերպված ընտրություններում: Թող ԱԻԲԱ-ն պատասխանի, նոր դրանից հետո ես եւ մեր ֆեդերացիան կորոշենք՝ մասնակցել այդ ընտրություններին, թե ոչ:

Ես Հայաստանում եմ գտնվում եւ ոչ մի տեղ չեմ պատրաստվում մեկնել: Այս անգամ գոնե պահպանվել է ձեւաչափը՝ հայտարարվել է ընտրություններից շաբաթներ առաջ, ոչ թե նախորդ անգամվա պես՝ ընտրություններից երկու օր առաջ: Ես չեմ հայտարարում, որ կան խախտումներ. զուտ ԱԻԲԱ-ի նամակից ելնելով կա անհանգստություն, որ կա ինչ-որ խնդիր: Գուցե ամեն ինչ օրինաչափ է եւ ԱԻԲԱ-ն իր նոր պարզաբանումով հաստատում է այն, չեմ կարող ասել: Ամեն դեպքում այս պահին չեմ պատասխանում հարցին՝ կառաջադրվե՞մ, թե՞ ոչ:

Շատ ուրախ եմ, որ Իսրայել Հակոբկոխյանն է առաջադրվել: Մասնակցության դեպքում մեծ ու հետաքրքիր մրցակցություն կլինի, քանի որ Հակոբկոխյանը մեծ հարգանք ու պատիվ ունեցող բռնցքամարտիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Եթե լինի օրինական ընտրություններ, ես առաջադրվեմ եւ չհաղթեմ, կշնորհավորեմ նորընտիր նախագահին եւ իմ հնարավորությունների չափով օգտակար կլինեմ հայկական բռնցքամարտի զարգացմանը»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրության 11.9 կետի համաձայն՝  Ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն կամ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով կառաջադրվի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առնվազն 2/3-րդի կողմից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով