14:54  ,  24 հուլիսի, 2020

Արթուր Ավագիմյանը՝ «Չեռնոմորեցում» մրցելույթների, Կապառոսի և Հայաստանի հավաքականի մասին (ֆոտո)

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Արթուր Ավագիմյանը Երևանի «Ալաշկերտից» տեղափոխվեց Օդեսայի «Չեռնոմորեց»: 23-ամյա կիսապաշտպանն արդեն 6 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Առաջին խմբի առաջնությունում, որոնցից Լուցկի «Վոլինի» դեմ խաղում գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ավագիմյանը, որը մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը խաղացել է Կիևի «Արսենալում», պատմել է «Չեռնոմորեցում» իր մրցելույթների և Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու ցանկության մասին:

«Կարանտինով պայմանավորված 2 ամսվա դադարից հետո շատ դժվար էր լավ մարզավիճակ ձեռք բերելը, այնուհետև փոխվեց «Չեռնոմորեցի» գլխավոր մարզիչը: Այնուամենայնիվ, դադարից հետո առաջին խաղում մենք հաղթանակ տարանք բավական ամուր թիմի՝ «Վոլինի» նկատմամբ, իսկ ես իմ առաջին գոլը խփեցի Օդեսան ներկայացնող ակումբի կազմում:



Մեծ ցանկություն ունեմ իմ գոլերով և արդյունավետ փոխանցումներով օգնել «Չեռնոմորեցին»՝ արդարացնելով ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի հույսերը: Սա պատմություն ունեցող ակումբ է՝ շքեղ ստադիոնով: Նույնիսկ դատարկ տրիբունաներում կարելի է զգալ անհրաժեշտ մթնոլորտը, որը կարևոր պահին ուժ է տալիս: Բարձր մակարդակի վրա են կազմակերպչական և վերականգնողական աշխատանքները, ծովն էլ մոտ է (ծիծաղում է):



Իմ նպատակը Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալն է: Դա մեծ պատիվ կլինի ինձ համար: Գիտեմ, որ թիմը գլխավորել է եվրոպացի բարձրակարգ մասնագետ` Խոակին Կապառոսը: Կարդացել եմ, որ Միստերը երիտասարդների հետ աշխատանքի մեծ փորձ ունի: Կապառոսը բացահայտել է մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստների: Դա լավատեսություն է հաղորդում: Հուսով եմ, որ մեր հավաքականը վերջապես կկարողանա դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Այնպես որ, կան նախադրյալներ, որ հավաքականում ամեն ինչ լավ կլինի: Ավելի լավ կլինի, եթե ես և Կադիմյանը հրավիրվենք (ծիծաղում է) (Բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ Ավագիմյանը հանդես է եկել Կիևի «Արսենալում» և «Ալաշկերտում», - խմբ.): Շատ եմ ցանկանում «Չեռնոմորեցի» կազմում դուրս գալ Ուկրաինայի Պրեմյեր լիգա»,- նշել է Ավագիմյանը:

Հիշեցնենք, որ Ավագիմյանը հանդիսանում է Դոնեցկի «Շախտյորի» սան, հանդես է եկել Ուկրաինայի պատանեկան՝ Մ16, Մ17 և Մ19 հավաքականներում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով