19:12  ,  22 հուլիսի, 2020

Լիլիթ Մկրտչյան․ Ինտերնետով շախմատ խաղալուն դեռ պետք է հարմարվել, հաջող չի ստացվում

Սիրում եմ իրական շախմատ, երբ թիմիդ կողքին ես, մրցակցիդ դիմաց: Պետք է հարմարվել ինտերնետով շախմատ խաղալուն: Հուսամ՝ կկարողանամ օգնել մեր հավաքականին հաջող հանդես գալ առաջին օնլայն Օլիմպիադայում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներից գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը:

Հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը ՖԻԴԵ-ի կողմից կանցկացվի շախմատի առաջին օնլայն Օլիմպիադան: Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը, որում ընգրկվել է 6 հիմնական եւ 6 պահեստային խաղացող: Կանանց թիմի հիմնական խաղացողների կազմում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

«Այս պահին մեր թիմի մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ կենտրոնացած ենք պարապմունքների վրա եւ փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջող հանդես գանք առաջին օնլայն Օլիմպիադայում:

Պարապմունքները նույնպես օնլայն ենք անում, քանի որ գտնվում եմ Գերմանիայում: Իհարկե, նպատակն է լավ պատրաստվել եւ որքան հնարավոր է՝ հաջող հանդես գալը:

Կորոնավիրուսով պայմանավորված ամեն ինչ փոխվել է եւ պետք է փորձենք հարմարվել այս նոր իրավիճակին: Ես նախընտրում եմ իրական շախմատ, երբ նստած ես թիմիդ կողքին, մրցակցիդ դիմաց: Ինտերնետով շախմատ խաղալուն դեռ պետք է հարմարվել: Այս ընթացքում մասնակցել եմ ինտերնետային մրցաշարերի, բայց միայն կայծակնային: Հաջող չի ստացվում, ցավոք:

Օլիմպիադայում արագ շախմատ է լինելու եւ հույս ունեմ, որ այդ ժամանակակարգով ավելի հաջող կստացվի ու կկարողանամ օգնել մեր հավաքականին հաջող հանդես գալ»,- ասաց Լիլիթ Մկրտչյանը:

Օնլայն Օլիմպիադայի կանանց Հայաստանի թիմից պահեստայինում հանդես կգան Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը: Տղամարդկանց պայքարում կլինեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններ՝ Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան: Մինչեւ 20 տարեկանների պայքարում ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:

Հայաստանը 25 թիմերի հետ ուժեղագույն դիվիզիոնում է եւ ունի չորրորդ վարկանիշը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով