17:09  ,  22 հուլիսի, 2020

2020-ին նախատեսված ՀԱՕԿ նախագահի ընտրությունն այս տարի չի անցկացվի

2020 թվականին նախատեսված Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունն այս տարի չի անցկացվի: Այն տեղի կունենա 2021 թվականին, Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

2020 թվականի օգոստոսին լրանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտոնավարման ժամկետը: Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ հերթական ամառային Օլիմպիական խաղերից հետո:

«Քանի որ ԱՕԿ նախագահների ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ, Օլիմպիական խաղերից հետո, որոշեցինք մեկ տարով հետաձգել եւ անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, որը տեղի է ունենալու 2021 թվականին:

ԱՕԿ նախագահների ընտրությունները կարգավորվում է ՄՕԿ-ի կողմից եւ մենք ստացել ենք գրություն-առաջարկ ՄՕԿ-ի կողմից, որ ՀԱՕԿ նախագահի ընտրություններն անցկացնենք հաջորդ տարի, Խաղերից անմիջապես հետո»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում է 2004 թվականից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով