01:39  ,  20 հուլիսի, 2020

Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային» հաղթել «Ինտերին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» ընդունեց Միլանի «Ինտերին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը մոտ էր կամային հաղթանակի, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հոլանդացի պաշտպան Ստեֆան Դե Վրեյը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշվի հավասարությունը վերականգնեց իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին օգտագործեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի կարճ փոխանցումը՝ առաջ մղելով «Ռոմային»։

87-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գոլը 11 մետրանոցից խփեց փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Սպինացոլան էր սեփական տուգանային հրապարակում խախտել կանոնները Լուկակուի նկատմամբ։

«Ինտերը» 72 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է առաջ երրորդ տեղում ընթացող «Ատալանտայից»։ «Ռոման» 5-րդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» - «Ինտեր»՝ 2։2 (տեսանյութ)

Լեոնարդո Սպինացոլա, 45+1, Հենրիխ Մխիթարյան, 57 - Ստեֆան Դե Վրեյ, 15, Ռոմելու Լուկակու, 87, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս