15:33  ,  17 հուլիսի, 2020

Կապառոս. Հայաստանի առաջնությունում մրցակցությունը բավական բարձր է

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հուլիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է մեդիայի ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:

64-ամյա Կապառոսը կարծում է, որ Հայաստանի առաջնությունում մրցակցությունը բավականին բարձր է: Կապառոսը նաև վստահեցրել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ որոշում է ընդունել՝ սահմանափակելով լեգեոներների թիվը:

«Հայաստանի առաջնությունում մրցակցությունը բավական բարձր է: Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

Մենք Հայաստանի առաջնության բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել, վերլուծել և կարծում եմ, որ այդ ամենը մեզ շատ պետք կգա Հավաքականի կազմի ընտրության հարցում:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ հայկական ակումբների կազմում հանդես գային մեծ թվով հայ ֆուտբոլիստներ, և ես ողջունում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը լեգեոներների թիվը սահմանափակելու վերաբերյալ: Դրանից հայկական ֆուտբոլը միայն կշահի: Ինձ համար զարմանալի էր, որ ես դիտում էի հանդիպումներ, որոնցում հայկական թիմի կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս: Այս ամենը խանգարում է մեր պատանի ֆուտբոլիստներին, որոնք լեգեոներների պատճառով իրենց դրսևորելու հնարավորություն չեն ստանում»,- ասել է Կապառոսը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նաև խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ֆուտբոլում առաջացած խնդիրների մասին:

«Ֆուտբոլը չի կարող լինել առանց հանդիսականների: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ճիշտ աշխատանք է կատարում, որպեսզի հնարավորինս շուտ մարզասերները վերադառնան ստադիոն»,- ասել է իսպանացի մասնագետը:

Խոակին Կապառոսը հայտարարեց, որ մեծ ուշադրություն է դարձնելու երիտասարդ ֆուտբոլիստներին և հնարավորություն է տալու նրանց հայտնվել ազգային հավաքականում:

«Մենք ունենք հրաշալի երիտասարդ ֆւոտբոլիստներ: Ես մեծ ուշադրություն եմ դարձնելու հայկական ակումբներում և երիտասարդական ու պատանեկան հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստներին: Կան հստակ չափանիշներ, և եթե ֆուտբոլիստները համապատասխանեն դրանց, ապա հնարավորություն կստանան խաղալ ազգային թիմում»,- ասել է Կապառոսը:

«Հավաքականի վերջին հանդիպումներից կառանձնացնեմ Իտալիայի հավաքականի դեմ հանդիպումը: Ճիշտ է, թիմը պարտվեց, սակայն շատ գրագետ և կազմակերպված ֆուտբոլ ցուցադրեց հզոր մրցակցի հետ խաղում»,- եզրափակել է Կապառոսը:

Վերջում Խոակին Կապառոսը հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաշալի մթնոլորտ է տիրում, բոլորը փորձում են իրենց ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում:

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է մարտի 10-ին, նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով