22:35  ,  16 հուլիսի, 2020

Մխիթարյան. Զորակցությունս եմ հայտնում մեր քաջ զինվորներին, ձեր հետ եմ

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում և իր զորակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինվորներին:

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեր հետ եմ: Հենո»,- գրել է Մխիթարյանը:

Այս օրերին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում