14:04  ,  15 հուլիսի, 2020

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշ վարակվել է կորոնավիրուսով

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան կա: Հուլիսի 15-ին նախատեսված ծաղկաձորյան հավաքը կհետաձգվի երկու շաբաթով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բադադյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավքականը հուլիսի 15-ից երկշաբթյա հավաք պետք է սկսեր Ծաղկաձորի մարզաբազայում:

«Թիմը նախորդ օրը թեստավորում է անցել, 3 դրական պատասխան ունենք: Կոնտակտավորներ չունենք: Մարզիչների, հավաքականի գլխավոր մարզիչի հետ որոշեցինք հավաքը հետաձգել երկու շաբաթով: Այնպես չի, որ պատճառը թեստերի դրական պատասխաններն են. որոշեցինք սպասել, մինչ ազատ ոճայինները կավարտեն իրենց հավաքը, նոր հունահռոմեականները կսկսեն: Մարզիչների հետ քննարկում է եղել, նպատակահարմարություն չկա հիմա հավաք անելու, երկու շաբաթ հետո կանենք: Այս պահին շտապ ոչինչ չկա, ավելի լավ է՝ ըմբիշները տեղերում մարզվեն:

32 թեստ է հանձնվել, 3 դրական պատասխան: Ազատ ոճայիններից էլ մեկ դրական պատասխան ունեինք: Կրկնակի թեստ է հանձնվել եւ պատասխանն արդեն բացասական է, բայց ըմբիշը չի միացել հավաքին, թույլ չենք տվել: Նա մարզվում է անհատական, իմաստ չկար վերջին օրերին միանալ թիմին: Նա հաջորդ հավաքին կմիանա թիմին: Նրա հետ կար մեկ կոնտակտավոր, մեկուսացված էր: Հունահռոմեականների 3 ըմբիշների հետ կոնտակտավորներ չկան, քանի որ միայնակ են եկել, գնացել: 3 դրական թեստի պատասխաններ ունեցող ըմբիշների անուններն անհասանելի են, չենք հայտարարելու»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 4 ամիս տեւած դադարից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հուլիսի 8-ից երկշաբաթյա հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Հավաքը փակ է, լիարժեք մեկուսացված պայմաններում: Նախքան հավաքի մեկնելը, թիմի անդամներն ու մարզչական շտաբը թեստավորում էին անցել: Գրանցվել էր 1 դրական պատասխան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով