15:11  +04,  11 հուլիսի, 2020

«Լոռին» կոչ է անում լայն քննարկում կազմակերպել անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ առաջարկելով լայն քննարկում կազմակերպել COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար:

«Փաստացի ստացվում է, որ ՀՀ առաջնության 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։

Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ առկա էր ուժեղ գլխացավ և սրտխառնոց, ինչի արդյունքում առանցքային երկու ֆուտբոլիստ հարկադրաբար փոխարինվեց։ Երկրորդ կեսում թիմի ֆիզիկական վիճակը և վերջնական արդյունքը տարակուսանք և զարմանք առաջացրեց բոլորիս մոտ։

Որքան էլ «Լոռին» պահպանեց համաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ COVID-19 ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։

Ստեղծված աննախադեպ իրավիճակում առաջարկում ենք ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար»,- ասված է «Լոռիի» տարածած հայտարարության մեջ:

Բարձրագույն խմբի 27 տուրերից հետո «Լոռին» 40 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս