20:54  ,  10 հուլիսի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 4։4․ Պայքարը շարունակվում է լրացուցիչ ժամանակում (ֆոտոշարք, ուղիղ եթեր)

«Նոան» ու չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում վիճարկում են Հայաստանի գավաթը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 4։4 հաշվով։

Արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացեց Վարդան Մինասյանի գլխավորած թիմի նիգերիացի հարձակվող Լուիս Ուգոչուկվու Օգանան։ 24-րդ րոպեին ինքնագոլի գոլի հեղինակ դարձավ «Նոայի» ռուսաստանցի պաշտպան Ալան Տատաեւը։ 5 րոպե անց «Արարատ-Արմենիայից» հաշիվը 3։0 դարձրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ 39-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Նոայի» լավագույն ռմբարկու, ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։ Սակայն 41-րդ րոպեին Օգանան վերականգնեց «Արարատ-Արմենիայի» երեք գոլի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում «Նոան» 11 րոպեում երեք գոլ խփեց։ Դուբլ ձեւակերպեց Մայքսիմ Մայրովիչը։ Աչքի ընկան նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, մոլդովացի կիսապաշտպան Դան Սպատարուն։

Ավելացված երկրորդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Արարատ-Արմենիայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ալֆոնսո Կոջոն, սակայն դրանից հետո տուգանային հրապարկից դուրս նշանակված ստանդարտ դիրքն արդյունավետ օգտագորել «Նոան» չկարողացավ։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիպումն անցկացվում է առանց հանդիսականների։

Հայաստանի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 4։4  (հիմնական ժամանակ)

Մաքսիմ Մայրովիչ, 39, 60, Վլադիմիր Ազարով, 56, 11մ, Դան Սպատարու, 67 - Լուիս Օգանա, 9, 41, Ալան Տատաեւ, 24, ինքնագոլ, Յուսուֆ Օտուբանջո, 29

Հեռացում՝ Ալֆոնսո Կոջո («Արարատ-Արմենիա»), 90+2

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում