01:40  ,  9 հուլիսի, 2020

Մխիթարյանի եւ Վերետուի գոլերը կամային հաղթանակ բերեցին «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» տանը կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ՝ 2։1։ Հյուրերն առաջինը հասան հաջողության։ Արդեն 9-րդ րոպեին «Ռոմայի» դարպասին նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան։

43-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը։ Նա մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 90-րդ րոպեին։ 

Երկրորդ խաղակեսում Մխիթարյանի փոխանցումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն խփեց պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթական գոլը։

«Ռոման» 51 միավորով 5-րդն է եւ գոլերի տարբերությամբ է գերազանցում նույնքան միավոր ունեցող «Նապոլիին»։ «Պարման» 12-րդն է՝ 39 միավոր։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ նախորդ տուրում՝ գրավելով «Նապոլիի» դարպասը։ «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։

«Ատալանտան» տանը մրցեց «Սամպդորիայի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ «Ատալանտան» երրորդն է՝ 66 միավոր։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ինտերը» հետ է 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռոմա» - «Պարմա»՝ 2։1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 43, Ժորդան Վերետու, 57 - Յուրայ Կուցկա, 9, 11մ

«Ատալանտա» - «Սամպդորիա»՝ 2։0 (տեսանյութ)

Ռաֆայել Տոլոյ, 75, Լուիս Մուրիել, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում