19:24  ,  8 հուլիսի, 2020

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի թեստերի պատասխաններից մեկը դրական է

Մեկ դրական թեստի պատասխան ունենք, մյուս բոլորիս պատասխանները բացասական են եկել: Դրական թեստ ունեցող մարզիկը կրկնակի թեստ կհանձնի: Մենք կմեկնենք հավաքի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հուլիսի 8-ից երկշաբաթյա հավաքի կանցկացնի Ծաղկաձորի մարզաբազայում:

NEWS.am Sport-ին գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել էր, որ նախքան հավաքի մեկնելը հուլիսի 7-ին հավաքականի բոլոր անդամներն ու մարզչական շտաբը կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Թեստի պատասխաններն այսօր ենք ստացել: Ունենք մեկ դրական պատասխան: Մարզիկը, ում մոտ գրանցվել է դրական պատասխան, հավաքի չի մասնակցի: Նա կրկնակի թեստ կհանձնի: Եթե պատասխանը բացասական գա, նա նույնպես կմիանա հավաքին: Թիմը Ծաղկաձոր է մեկնում այսօր: Հույս ունենք, որ թեստի պատճառով է դրական արդյունք գրանցվել եւ կրկնակի թեստի պատասխանը բացասական կլինի»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ 3-ամսյա դադարից հետո ըմբիշներն առաջին անգամ են հավաք կազմակերպում: Մինչ այս ինչպես ազատ, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբիշները մարզվում էին բացօթյա պայմաններում, անհատական ծրագրով, առանց գորգային մարզումների:

Հուլիսի 15-ից Ծաղկաձորում երկշաբաթյա հավաք կսկսի նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Հունահռոմեականները նույնպես կթեստավորվեն նախքան մարզաբազա մեկնելը: Երկու հավաքականների հավաքները կանցկացվեն փակ, մեկուսացված պայմաններում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս