09:15  ,  8 հուլիսի, 2020

Ի՞նչ է կատարվում «Բարսելոնայում». NEWS.am Sport-ի անդրադարձը

Կատալոնական «Բարսելոնայում» ինչ-որ բան այն չէ: Ակումբը բավականին երկար ժամանակ է, ինչ ցուցադրում է անկայուն խաղ, չի կարողանում լուրջ հաջողություններ գրանցել եվրագավաթային մրցաշարերում, ակնհայտորեն ձախողել է աշխատանքները տրանսֆերային շուկայում և «Բարսելոնան», որքան էլ դա զարմանալի կհնչի, պարզապես չի կարողանում հաղթել: Նույնիսկ այն մարզասերները, որոնք չեն հանդիսանում «Բարսելոնայի» երկրպագու, նկատում են, որ թիմն արդեն բավականին երկար ժամանակ է՝ գտնում է խորը ճգնաժամի մեջ և ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ դրանից:

Որպեսզի հասկանանք, թե երբ սկսվեցին «Բարսելոնայի» անհաջողությունները, պետք է մտովի հետ գնանք 2010 թվականի հուլիս, երբ ակումբի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ տխրահռչակ Սանդրո Ռոսելը՝ փոխարինելով Ժոան Լապորտային: Ռոսելի նախագահությամբ առաջին մրցաշրջանը «Բարսելոնան» անցկացրեց ավելի քան հաջող՝ նվաճելով բոլոր հնարավոր գավաթները: Արդեն 2011/12 մրցաշրջանում ակումբում սկսվեցին ինչ-որ տարօրինակ բաներ կատարվել: Կոնֆլիկտներ տեղի ունեցան այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և ակումբի ղեկավարության, Գվարդիոլայի և ֆուտբոլիստների միջև: Ի վերջո, մրցաշրջանի ավարտին Գվարդիոլան հեռացավ, իսկ նրան փոխարինեց կատալոնացի մասնագետի օգնականը՝ Տիտո Վիլանովան: Վիլանովայի գլխավորությամբ «Բարսելոնան» հաջող սկսեց 2012/13 մրցաշրջանը, սակայն մրցաշրջանի կարևորագույն հատվածում չարաբաստիկ հիվանդության պատճառով Տիտո Վիլանովան հեռացավ կյանքից, իսկ նրա մահը լուրջ հոգեբանական ազդեցություն ունեցավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա:

Pep Guardiola Believes Tito Vilanova's Death Will Remain With Him For

«Բարսելոնայի» ղեկավարության ամենաանհասկանալի որոշումներից մեկը Տիտո Վիլանովայի մահվանից հետո 2013 թվականի հուլիսին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնն արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյսի» գլխավոր մարզիչ Խերարդո Տատա Մարտինոյին վստահելն էր:

Այս անհայտ մասնագետի նշանակումը մեծ դժգոհություն առաջացրեց ինչպես «Բարսելոնայի» երկրպագուների, այնպես էլ ֆուտբոլիստների շրջանում: Կային խոսակցություններ, որ Տատա Մարտինոյի համար «բարեխոսել է» թիմի առաջատար, արգենտինացի Լիոնել Մեսին: Ինչևէ, Մարտինոն գլխավորեց «Բարսելոնան», և նրա գլխավորությամբ կատալոնական ակումբն անցկացրեց իր պատմության ամենախայտառակ մրցաշրջաններից մեկը: Մարտինոյի գլխավորությամբ «Բարսելոնան» միայն մեկ գավաթ նվաճեց՝ Իսպանիայի Սուպերգավաթը, որն այդքան էլ Տատա Մարտինոյի նվաճումը չէր, քանի որ նա մի քանի օր էր, ինչ զբաղեցնում էր թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը, երբ «Բարսելոնան» նվաճեց այդ գավաթը:

Արգենտինացի մարզիչը բառի ուղիղ իմաստով ոչնչացրեց այն ամբողջ ժառանգությունը, որ ստացել էր իր նախորդներից: Անհասկանալի մարտավարական փոփոխություններ, անհասկանալի փորձարկումներ վճռորոշ խաղերում, մի խոսքով, Մարտինոն վերացրեց «Բարսելոնայի» այն խաղաոճը, որը երկար տարիներ սովոր էին տեսնել ու վայելել թիմի երկրպագուները: Մրցաշրջանը տապալելուց հետո Մարտինոն 2014 թվականի մայիսին հայտարարեց իր հրաժարականի մասին:

ԲԱՐՏՈՄԵՈՒՆ՝ ՌՈՍԵԼԻ ՓՈԽԱՐԵՆ

روسيل: إقالة ستيين؟ مروجو هذه الأخبار هم أعداء برشلونة | opera news

Մինչև Տատա Մարտինոյի հեռանալը, «Բարսելոնայում» տեղի ունեցավ ակումբի նախագահի փոփոխություն: 2014 թվականի հունվարին Սանդրո Ռոսելը մեղադրվեց 2013 թվականին բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքում ֆինանսական չարաշահումներ թույլ տալու մեջ: Ռոսելը հրաժարական տվեց, իսկ նրան փոխարինեց իր օգնականը, ակումբի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, որը նաև ակումբի ներկայիս նախագահն է: Բարտոմեուի նախագահաության շրջանում «Բարսելոնայում» ոչինչ չփոխվեց, քանի որ ակումբը շարունակեցին ղեկավարել այն պաշտոնյաները, որոնք ընդգրկված էին Սանդրո Ռոսելի թիմում:

ԼՈՒԻՍ ԷՆՐԻԿԵԻ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԵՎ ԲԱՐՏՈՄԵՈՒԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Տատա Մարտինոյի հեռանալուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց ակումբի նախկին ֆուտբոլիստ, այդ ժամանակ «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակումբի անդամների վստահությունը ձեռք բերելու համար պարտավոր էր թիմը վստահել ակումբի փիլիսոփայությունը կրող մարզիչի, որի գլխավորությամբ «Բարսելոնան» պետք է հաջող մրցաշրջան անցկացներ, որպեսզի Բարտոմեուն հաղթեր 2015 թվականի նախագահական ընտրություններում: 2014/15 մրցաշրջանը «Բարսելոնան» անցկացրեց բավականին հաջող, ինչին նպաստեցին նաև Մարկ-Անդրե տեր Շտեգենի, Իվան Ռակիտիչի և Լուիս Սուարեսի ձեռքբերումները:

What has gone wrong for Barcelona? An assessment of Bartomeu's ...

2015 թվականի հուլիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաղթանակ տարավ թիմի նախկին նախագահ Ժոան Լապորտայի նկատմամբ: Ընտրություններից հետո Լապորտան հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը նաև 2021 թվականի ընտրություններում, քանի որ Բարտոմեուի թիմը «Բարսելոնան» տանում է դեպի անդունդ:

Նախագահական ընտրություններին հաջորդած 2 մրցաշրջանները «Բարսելոնան» անցկացրեց հաջող: Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճեց թվով 9 գավաթ, ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում, նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, դարձավ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲԸ

Barcelona coach Ernesto Valverde accepts sack threat after ...

Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: Վալվերդեին չհաջողվեց որևէ դրական փոփոխություն կատարել «Բարսելոնայում», սակայն ամենացավալին այն է, որ Վալվերդեն նույնիսկ չկարողացավ պահել այն ամենը, ինչ ժառանգություն էր ստացել Լուիս Էնրիկեից, իսկ այդ ժառանգությունը բավականին հարուստ էր թե մարտավարության, թե թիմի կազմի տեսանկյունից:

Լուիս Էնրիկեից մնացած «Բարսելոնան» իներցիայով կարողացավ 2017/18 մրցաշրջանում դառնալ Իսպանիայի չեմպիոն և երկրի գավաթակիր, սակայն ձախողվեց Չեմպիոնների լիգայում: 2018/19 մրցաշրջանում արդեն թիմի խաղում նկատվում էր ճգնաժամ, բացակայում էր խաղային կայունությունը, «Բարսելոնան» գրոհող ու հաղթող թիմից վերածվեց խաղադաշտի կենտրոնում անիմաստ փոխանցումներ կատարող թիմի, ինչի հետևանքը 2018/19 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլից» կրած 0:4 հաշվով պարտությունն էր:

Չնայած 2018/19 մրցաշրջանը ձախողելու հանգամանքին, Խոսեպ Բարտոմեուն որոշեց պաշտոնանկ չանել Վալվերդեին: Այդ որոշման հետևանքով 2019/20 մրցաշրջանում թիմում առկա ճգնաժամն էլ ավելի խորացավ: Ֆուտբոլիստների և երկրպագուների ճնշման արդյունքում 2020 թվականի հունվարին Վալվերդեն պաշտոնանկ արվեց, սակայն գործնականում տեղի ունեցավ այն, ինչ 2013 թվականին: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց մի մարզիչի, որը նախկինում երբեք չէր ունեցել բարձրակարգ թիմ մարզելու փորձ, մի մարդու, որը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գյուղում ման էր գալիս կովերի հետ, երբ զանգ ստացավ «Բարսելոնայի» ղեկավարությունից:

Josep Maria Bartomeu's backing of Quique Setien proves style could ...

Արդեն 2019/20 մրցաշրջանի ավարտին «Բարսելոնայում» ստեղծված է աննախադեպ ճգնաժամ, լարված են ակումբի ղեկավարության, մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հարաբերությունները: Լարվածությունը հասել է այն աստիճանի, որ թիմի առաջատար Լիոնել Մեսին հրաժարվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ և սպառնում է հեռանալ թիմից, եթե Խոսեպ Մարիա Բարտոմեուն և Էնրիկե Սետիենը շարունակեն պաշտոնավարումը:

Իրավիճակը թեժացրեց «Բարսելոնայի» նախագահը՝ հայտարարելով, որ մտադիր չէ հրաժարական տալ, իսկ Սետիենը կշարունակի գլխավորել ակումբը նաև հաջորդ մրցաշրջանում: Բարտոմեուի վարած քաղաքականության դեմ դուրս եկան թիմի փոխնախագահներն ու տնօրենների խորհրդի անդամները, սակայն Բարտոմեուի գրչի 1 շարժումով շուրջ 1 տասնյակ պաշտոնյա հեռացավ ակումբից:

Բացի այդ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարտոմեուի ֆինանսավորմամբ սոցիալական ցանցերում արշավ է սկսվել թիմի լեգենդար ֆուտբոլիստներ Կառլես Պույոլի, Չավի Էրնանդեսի, Անդրես Ինիեստայի, Ժերար Պիկեի և Լիոնել Մեսիի դեմ, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում սատարում են ակումբի տնօրենների խորհրդի նախկին անդամ Վիկտոր Ֆոնտին:

«Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2021 թվականի ամռանը: Իրենց թեկնածություններն առաջադրած Ժոան Լապորտան և Վիկտոր Ֆոնտն արդեն հայտարարել են, որ ընտրվելու դեպքում ամբողջությամբ փոխելու են թիմի ղեկավար ու մարզչական կազմը, իսկ ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու են լեգենդար Չավիին: Կշարունակի՞ Բարտոմեուն պաշտոնավարել և էլ ավելի խորացնել թիմում առկա ճգնաժամը, թե՞ իրավիճակը կստիպի նրան հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ նշանակել, ցույց կտա ժամանակը:

Վահե Աղաջանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում