18:10  ,  7 հուլիսի, 2020

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները կթեստավորվեն եւ կանցկացնեն փակ հավաքներ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ամբողջական կազմով կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ հուլիսի 8-ից երկշաբաթյա հավաք կանցնի Ծաղկաձորի մարզաբազայում լիարժեք մեկուսացված պայմաններում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

«Ինչպես արդեն նշել էի՝ դիմել էի նախարարությանը եւ ֆեդերացիային ամբողջ թիմին թեստավորումով ապահովելու համար, քանի որ երկարատեւ դադարից հետո պլանավորում ենք հավաք անել Ծաղկաձորում: Համաձայնությունը ստացանք եւ վերջնական որոշում կայացվեց կազմակերպել ամբողջ թիմի թեստավորում, որն իրականացնում է Ծաղկաձորի մարզաբազան: 28 հոգուց բաղկացած թիմը՝ մարզիչներ, բժիշկ, ըմբիշներ այսօր թեստ ենք հանձնել: Պատասխանները կստանանք վաղը եւ կմեկնենք Ծաղկաձոր: Ում մոտ դրական պատասխան գրանցվի, բնականաբար նա հավաքին չի մասնակցի:

Հավաքը երկշաբաթյա է: Ծաղկաձորի մարզաբազան մեզ համար լիարժեք ապահովում է անվտանգ պայմաններ, բազան փակ է լինելու, աշխատողները մնալու են այնտեղ, որեւէ մեկը դուրս չի գալու մարզաբազայից»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Նույն պայմաններով եւ թեստավորումով հուլիսի 15-ից հավաք կսկսի նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի փոխանցմամբ, ֆեդերացիայի եւ մարզչական շտաբի որոշմամբ, ուսումնամարզական հավաքը պետք է կայանա:

«Մենք էլ նույն կերպ թեստ կհանձնենք ամբողջ թիմով եւ նոր կմեկնենք հավաքի. այլ կերպ հնարավոր չէ: Գուցե լիարժեք չկարողանանք մեր աշխատանքն անել, լիարժեք մարզվել, բայց որոշ չափով տղաները մարզավիճակ կհավաքեն:

Քանի որ դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չկա մրցաշարերի անցկացման ժամկետների վերաբերյալ, ծանրաբեռնված չենք աշխատի: Հնարավորինս մարզավիճակի կգանք, կորցրածը կփորձենք հետ բերել, որպեսզի հետագայում, երբ արդեն հստակ ժամկետներ իմանանք, հեշտությամբ մոտենանք թիմի լավագույն մարզավիճակին:

Հավաքը կանենք երկշաբաթյա, փակ պայմաններում, մեկուսացված, մուտք ու ելք չլինի, հնարավորինս քիչ շփում եւ սոցիալական հեռավորություն: Նաեւ քննարկել ենք պատանիների եւ երիտասարդների Հայաստանի առաջնությունների անցկացման նախնական ժամկետները: Պատանիների Հայաստանի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 5-8-ը, երիտասարդները՝ 16-18-ը Երեւանի «Գազպրոմ-Արմենիա» մարզադպրոցում»,- նշեց Էդուարդ Սահակյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում