14:21  ,  5 հուլիսի, 2020

Բուֆոն․ Առայժմ մոտիվացված եմ եւ «Յուվենտուսում» կլինեմ առնվազն մինչեւ հաջորդ տարի

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 42-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է ծրագրերի եւ կարիերան շարունակելու ցանկության մասին։

«Այստեղ կլինեմ առնվազն մինչեւ հաջորդ տարի։ 40 տարեկան դառնալուց հետո կարիերաս ընթանում ամսից ամիս։ Պետք է ուշադիր հետեւեմ մարզավիճակիս եւ միշտ պատրաստ լինեմ հեռանալ ճիշտ պահին, երբ կանհետանա գլխավոր պայմանը՝ ամենաբարձր մակարդակում խաղալու հնարավորությունը։ Հենց զգամ, որ այդ պահն է՝ կհեռանամ։ Բայց առայժմ մոտիվացված եմ եւ անհրաժեշտ մարզավիճակում եմ։

Կշարունակեմ խաղալ, քանի որ ուրիշ ոչ մի բան ինձ այդքան չի երջանկացնում, որքան մասնակցությունը ֆուտբոլային հանդիպման»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Բուֆոնը մասնակցել է 8 հանդիպման, բաց թողել 8 գոլ։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Բուֆոնը, մասնակցելով «Տորինոյի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղին (4։1), սահմանեց Ա Սերիայի ռեկորդ՝  648-րդ հանդիպում Իտալիայի առաջնությունում։

Նա գերազանցեց «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինիի ռեկորդը, որը 1984-2009 թվականներին Իտալիայի առաջնությունում մասնակցել է 647 հանդիպման։

Բուֆոնը 2001-ին է «Պարմայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ 2018-2019 թվականների մրցաշրջանում հանդես է եկել ֆրանսիական ՊՍԺ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English