12:31  ,  5 հուլիսի, 2020

Հաբեթնակ Կուրղինյան․ Ամբողջ թիմին թեստավորելու խնդրանով դիմել եմ նախարարություն ու ֆեդերացիա

Դիմել եմ ԿԳՄՍ նախարարություն, ըմբշամարտի ֆեդերացիա, խնդրանքով՝ ամբողջ թիմին ապահովել թեստավորումով: Արդյունքների բացասական պատասխաններից հետո կանցկացնենք ամբողջությամբ փակ հավաք Ծաղկաձորում: Ես այդքան պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա առանց թեստավորման թիմին տանել հավաքի։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ինչպես հունահռոմեականները, այնպես էլ ազատ ոճային ըմբիշները դեռեւս չեն կարողանում հավաքներ, մարզադահլիճային մարզումներ անցկացնել: Այս իրավիճակին զուգահեռ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) արդեն քննարկում է դեկտեմբերին Սերբիայում աշխարհի առաջնություն անցկացնելու մասին որոշումը: Հայ ըմբիշներն արդեն չորրորդ ամիսն է մարզվում են բացօթյա պայմաններում, անհատական ուժային վարժությունների ծրագրով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն էլ հունահռոմեականի թիմի պես, դեռեւս հստակ ծրագիր, հավաք անցկացնելու հստակ որոշում չունի: Հաբեթնակ Կուրղինյանը հավաք կազմակերպելու եւ անցկացնելու միակ լուծումը համարում է ամբողջ թիմին թեստավորելն ու փակ մարզաբազայում մեկուսանալը:

Թե ինչպես է հետագայում թիմը շարունակելու մարզվել եւ ինչ ծրագրերով է առաջ գնալու, գլխավոր մարզիչը դժվարանում է պատասխանել:

«Դեռեւս որեէ որոշում, հստակ ծրագիր չունենք, քանի որ յուրաքանչյուր մեր որոշումը սկսվում է «եթե»-ով: Այդ «եթե»-ները մեզ շատ են խանգարում: Հենց այս պահին ոչ մի մարզադպրոց լիարժեք, նորմալ չի աշխատում: Մեր մարզիկները մարզվում են այն կարգավիճակում, ինչպես արտակարգ դրության մեկնարկում: Պարետի ցուցումով մարզիկները մարզվելիս պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն: Իսկ ըմբշամարտում սոցիալական հեռավորություն պահպանելն անհնար է:

Որպես մարզիչ ամենաշատը ես եմ անհանգստանում թիմի այս «բարձիթողի» վիճակով,  բայց այլ տարբերակ ես չունեմ: Ես չեմ կարող ռիսկի գնալ համավարակի դեպքում: Ըստ մեր տեղեկությունների, միջազգային ֆեդերացիան մրցաշարերի անցկացման ժամկետները վերջնական կհայտարարի օգոստոսին, այդ ժամանակ էլ նոր կնախաձեռնենք եւ կծրագրենք մեր անելիքները: Այս պահին UWW-ն մեզ պաշտոնապես գրություն չի ուղարկել, որ դեկտեմբերի աշխարհի առաջնությունը լինելու է, մենք էլ գոնե ինչ-որ ռիսկերի գնանք, հավաքներ մարզումներ անենք, պատրաստվենք: Այս պահին ռիսկի գնալն արդարացված չի լինի, եթե հետո իմանանք, որ տարեվերջում ոչ մի մրցաշար չկա»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ամեն դեպքում, գլխավոր մարզիչը ծրագրում է ուսումնամարզական հավաք անցկանցել Ծաղկաձորում, բայց միայն թեստավորում անցնելու եւ անվտանգության բոլոր պայմաններով ապահովված լինելու դեպքում:

«Իրականում, արդեն ժամանակն է գորգային մարզումների, բայց երկու քարի արանքում ենք. կազմակերպել հավաք, թե ռիսկի չգնալ: Մտածում ենք՝ ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք կազմակերպել. գոնե թեստավորեն թիմին, մի այնպիսի վայր ընտրենք, որտեղ մուտք ու ելք չլինի, միայն հավաքական թիմն այնտեղ գտնվի, ապրի այդ հավաքի օրերին, բազայի աշխատողների ելումուտը սահմանափակվի:

Այս ամենը խնդիր է, չգիտեմ՝ ինչպես է հնարավոր այսպիսի պայմաններ հավաքականի համար ստեղծել կամ կհամաձայնվեն, արդյոք, ամբողջ թիմին թեստավորել եւ մեկ տանիքի տակ համախմբել նրանց:

Ծրագրում էինք հուլիսի 8-ից հավաք անցնել Ծաղկաձորի մարզաբազայում, բայց այդ ամենը դեռեւս ցանկություն է: Բայց դա էլ է խնդիր ինձ համար. ես այդքան պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա առանց թեստավորման թիմին տանել հավաքի:

Մեր վերջին հավաքը մեկնարկել էր մարտի 10-ին, որից օրեր անց հայտարարվեց արտակարգ դրություն եւ մենք ընդհատեցինք այն: Չորրորդ ամիսն է, ես հավաք չեմ արել: Թիմի տղաները մարզվում են իրենց անձնական մարզիչների մոտ անհատական ծրագրով, արտակարգ պայմաններում, բայց իրենց մարզումները հավաքի մարզումների հետ կապ չունեն: Ճիշտ է, շատ լավ են աշխատում տղաներն իրենց անձնական մարզիչների հետ, բայց դա հավաքի մարզում չէ»,- մանրամասնեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Գլխավոր մարզիչի խոսքով, հուլիսի 8-ից նախատեսված հավաք անցնելու որոշումը պարզ կլինի մոտ օրերս ամբողջ թիմին թեստավորում անելու համաձայնություն ստանալուց հետո:

«Ես դիմել եմ նախարարություն, ֆեդերացիա, խնդրել եմ՝ ամբողջ թիմը ապահովել թետսավորումով: Իմ պատկերացումն է սա. պետք է համոզված լինեմ, որ տղաների թեստերի արդյունքները բացասական են եւ նոր միայն վստահ հավաքի տանեմ: Եթե ինչ-որ մեկը պատասխանատվություն կվերցնի, որ ազգային հավաքականին կթեստավորի, եւ մենք կունենանք բացասական պատասխաններ, ես կանեմ հավաք»,- հայտնեց Հաբեթնակ Կուրղինյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով