09:19  ,  5 հուլիսի, 2020

Էդուարդ Սահակյան․ Եթե արտակարգ դրությունը երկարաձգվի էլ, մենք մեր գորգային մարզումները հետաձգելու ժամանակ արդեն չունենք

Եթե արտակարգ դրությունը երկարաձգվի էլ, մենք մեր գորգային մարզումները հետաձգելու ժամանակ արդեն չունենք։ Ըմբիշների համար արդեն անհաժեշտություն է գորգային մարզումներին վերադառնալը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան օրերս ներկայացրել է աշխարհի առաջնության անցկացման հնարավոր ժամկետը, ըստ որի այն տեղի է ունենալու 2020 թվականի դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում եւ ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանը դեռեւս շարունակում է գտնվել արտակարգ դրությունում, ըմբիշների մարզումներն էլ շարունակվում են անցկացվել արտակարգ դրության պայմաններում՝ բացօթյա, անհատական եւ առանց մրցագորգի:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն անհանգստացած է թիմի երկարատեւ մարզումային դադարով, բայց պարետատան հրամանով, ըմբիշները դեռեւս չեն կարող մարզադահլիճային մարզումների անցնել:

«Ամեն ինչ դեռ անորոշ է: Արդեն ժամանակն է, որ հստակություն մտցվի մեր ծրագրերում եւ աշխատանքում: Երկուշաբթի նախատեսված է հանդիպում մարզչական շտաբի հետ, բացօթյա պայմաններում: Կքննարկենք եւ կորոշենք, թե ինչ ենք անելու: Այս պահին դեռեւս որեւէ կոնկրետ որոշում չկա:

Մենք պլանավորում ենք հուլիսի 15-ից ուսումնամարզական հավաք անցնել Ծաղկաձորի մարզաբազայում: Դրանից հետո մարզումները կշարունակենք Երեւանում կամ Գյումրիում: Այս ամենը դեռեւս ցանկություն է։ Եթե նույնիսկ արտակարգ դրությունը երկարացվի, մենք այլընտրանք չունենք, այլեւս տեղ չունենք հետաձգելու մարզումները: Տղաները 3 ամսից ավելի բացօթյա, ուժային վարժությունների վրա հիմնված մարզումներ են անում, գորգ չեն մտնում: Ժամանակի խնդիր ունենք, պետք է կազմակերպենք, համապատասխան պայմանավորվածություն եւ պայմաններ ստեղծենք, հավաքն անենք»,- ասաց Էդուրադ Սահակյանը:

Ըստ գլխավոր մարզիչի, թիմը մեծ աշխատանք ունի անելու երկարատեւ բացօթյա մարզումներից հետո:

«Այն, որ հետ ենք գնացել, դրա մասին խոսելն ավելորդ է: Որքան հասցնենք, պետք է անենք: Չէի ասի, թե զրոյից ենք սկսելու, գուցե 30-40 տոկոսից սկսենք, ամեն դեպքում անհատական ծրագրով շատ լավ են աշխատել տղաները, վազել են դրսում, արագաուժային վարժություններ արել, ես շատ գոհ եմ նրանց աշխատանքից: Բայց, ինչ խոսք, գորգային աշխատանքն անհարժեշտ է եւ պետք է արդեն վերադառնալ գորգ:

Ամեն դեպքում դեկտեմբերին աշխարհի առաջնություն անցկացնելու որոշումն էլ դեռեւս վերջնական չի, մենք պաշտոնական գրություն չենք ստացել, ամեն ինչ կախված է կորոնավիրուսի ընթացքից. չգիտես՝ վաղը ինչ թափ կհավաքի այս վիրուսը եւ ինչպես ամեն ինչ կխառնի իրար»,- նշեց գլխավոր մարզիչը:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման պատճառով բանակային տարիքի մարզիկների՝ սպորտային վաշտում ծառայելու հայտ ներկայացնելու հնարավորությունից զրկվելուն, Էդուարդ Սահակյանն ասաց, որ հավաքականի մի քանի անդամներ տուժել են ստեղծված իրավիճակից եւ արդեն իսկ զորակոչի ծանուցում ստացել:

«Երկու տղա ունենք հավաքականում, որոնց հարցերը մնացել է օդում կախված: Օրինակ՝ ունենք 82 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյան: Նա զորակոչային տարիքում է եւ արդեն ծանուցումը ստացել է: Եթե ոչինչ նրա համար չկարողանանք անել, նա կգնա բանակ: Նա պետք է մասնակցեր Մ23 աշխարհի առաջնությանը եւ նրա հետ հույսեր ունեինք, որ կկարողանա անել լավ արդյունք եւ այդ արդյունքով տարկետում կստանար կամ լավագույն դեպքում սպորտային վաշտում կծառայեր:

Մյուս տղաները ունեն տարկետումներ, նրանց հարցերը լուծված են: Գուցե կորոնավիրուսով պայմանավորված մարզիկների զինակոչը հետաձգեն, չգիտեմ: Գեւորգ Թադեւոսյանը Հայաստանի մրցանակակիր է, տաղանդավոր տղա է: Իր քաշում մյուսներից լավ է, առջեւում է, ցավոք, արդյունքերը թույլ չեն տալիս սպորտային վաշտում զինծառայությունն անցնելու հնարավորություն ունենալու համար: Եթե ոչինչ չձեռնարկվի եւ յուրաքանչյուր թիմից 1-2 տղա կորցնի հնարավորությունը պայքարելու, մեծ կորուստ կունենանք հայկական սպորտում: Հուսանք, այս հարցերին որեւէ լուծում կտրվի»,- նկատեց Էդուարդ Սահակյանը:  

Կորոնավիրուսի պատճառով մարզիկների՝ տարկետում ստանալու կամ սպորտային վաշտում ծառայությունն անցնելու համար անհրաժեշտ արդյունքներ գրանցելուց զրկվելու հարցը վերջին շրջանում լուրջ խնդիր է դարձել հայկական սպորտում: Արդեն մի քանի մարզաձեւերի գլխավոր մարզիչներ բարձրաձայնում են հավաքականների անդամներին զորակոչելու խնդրի վերաբերյալ:

Հարցի առնչությամբ NEWS.am Sport-ը, նախքան ամառային զորակոչի մեկնարկը, գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին, բայց սպորտի փոխնախարարն այդպես էլ որեւէ մեկնաբանություն չտվեց գրավոր հարցմանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով