18:02  ,  3 հուլիսի, 2020

Արմեն Մելիքբեկյան. Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ կապված «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման հետ:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ,

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։  Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։ Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։

Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։

Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,- ասված է Արմեն Մելիքբեկյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈւԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, որոշել էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրելու և Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով