23:02  ,  1 հուլիսի, 2020

«Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանն ավարտում է կարիերան

«Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է ընդունել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է Բարեղամյանի կապը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Արամը ծավալելու է մարզչական գործունեություն և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Բարեղամյանին ակումբին հավատարիմ լինելու, մարզական պատիվը բարձր պատասխանատվությամբ պաշտպանելու համար և հաջողություն մաղթում կյանքի նոր փուլում։

Մենք վստահ ենք, որ նույն հավատարմությամբ ու ինքնանվիրումով Բարեղամյանը կդրսևորի իրեն նաև մարզչական գործունեության ընթացքում ու կշարունակի լավագույնս ներկայացնել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

32-ամյա Բարեղամյանը «Ուրարտուի» մարզաշապիկով ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նորամուտը նշելով 2005 թվականին Բարեղամյանը «Բանանցի», այնուհետև «Ուրարտուի» կազմում միասին 211 հանդիպում է անցկացրել, դառնալով 12 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում