13:23  ,  12 սեպտեմբերի, 2012

Լեւոն Արոնյան. Օլիմպիադայի սկզբից մինչեւ վերջ մի հեքիաթ էր, որը կարծես՝ հիմա էլ շարունակվում է

Հույս ունեմ, որ մի անգամ էլ կապրեմ այս ամենը, ուղղակի շատ ցնցված եմ եւ ազդված, հայտարարեց աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիտսի տանը մեկնարկած ասուլիսում։ Հայաստանի հավաքականը մեկնաբանում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի արդյունքները։

«Օլիմպիադայի սկզբից մինչեւ վերջ դա մի հեքիաթ էր, եւ դա կարծես հիմա էլ շարունակվում է։ Այն ջերմությունը, որ ստացավ մեր թիմը՝ այնպիսի զգացում է, որ չեմ կարող նկարագարել: Հույս ունեմ, որ մի անգամ էլ կապրեմ այս ամենը, ուղղակի շատ ցնցված եմ եւ ազդված: Բոլորից շատ-շատ շնորհակալ եմ: Դեռ ուրախությունը չի անցել, չենք մտածում վաղվա օրվա մասին, բայց երեւի թե մի շաբաթ էլ պետք է հանգստանալու համար»,- ասաց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

«Բոլոր մրցաշարներում, որ հաղթել եմ, երբ լավ եմ սկսում, միշտ ինձ ասում եմ, որ այս անգամ պետք է այնպես անեմ, որ առանց պարտվելու խաղամ, բայց քնած եմ լինում, մինչեւ չեմ պարտվում ու նոր միայն արթնանում եմ»,- մրցաշարում տրամադրվելու իր գաղտնիքների մասին նշեց Լեւոն Արոնյանը:

Անդրադառնալով 2016-ին Բաքվում կայանալիք Համաշխարհային շախմատային  օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հնարավոր մասնակցությանը` Լեւոն Արոնյանն ասաց. «եթե մինչեւ այդ Հայաստանը եւ Ադրբեջանը խնդիրներ չունենան եւ նորմալ պայմաններ ստեղծվեն, ապա հնարավոր է՝ մասնակցենք»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ անգամ նվաճեց Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանը նաեւ եռակի բրոնզե մեդալակիր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում