21:32  ,  26 հունիսի, 2020

5 ակումբի դեմ կսկսվի վարույթ պայմանավորված խաղերի գործով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթանիստի օրակարգում եղել է պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումը «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ իրավապահ մարմինների և ՈւԵՖԱ-ի հետ վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել՝ ուղղված պայմանավորված խաղերի բացահայտման գործընթացին:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ավելի են ակտիվացել: Դրանց ավելի համակարգված բնույթ հաղորդելու համար այս տարվա ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե):

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած մեր հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց մարզական աշխարհում և, մասնավորապես, ֆուտբոլում քրեական ենթամշակույթի, կոռուպցիան արմատախիլ անելու, ֆուտբոլն ապաքրեականացնելու անհրաժեշտությունը: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել ՀՀ վարչապետի կողմից բարձրացված խնդրի իրականացմանը և մեր կողմից որդեգրված քաղաքականությանը, աշխատելու ենք այնքան մինչև հասնենք պայմանավորված խաղերի իսպառ վերացմանը»,- ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բացման խոսքում։

Այնուհետև ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ:

Ներկայացվել են ՀՀ իրավապահ մարմինների և ՈւԵՖԱ-ի,  բուքմեյքերական ընկերությունների և  բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ  զբաղվող արտասահմանյան գործակալությունների և այլ գործընկերությունների կողմից տրամադրված փաստերը և տեղեկությունները:

Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել  կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվել են ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն են ստացել ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն:

ՀՖՖ գործկոմը ընդունել է երկու միաձայն որոշում.

1.Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:  

2.ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո», և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

Եզրափակելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ այս գործողությունները ՀՖՖ կողմից նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են Բարձրագույն և Առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքագրվում են նյութեր և փաստեր:    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում