19:18  ,  23 հունիսի, 2020

ՀԱՕԿ-ը շնորհավորում է օլիմպիական օրվա առթիվ

Հունիսի 23-ին աշխարհը նշում է օլիմպիական օրը։ 1894թ․ հունիսի 23-ին  Փարիզի Սորբոնի համալսարանում  անցկացվեց ֆիզիկական դաստիարակության միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին 30 երկրների  պատվիրակներ: 

Համագումարում ներկայացվեց ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Բարոն Պիեռ դը Կուբերտենի ելույթը: 

Կոնգրեսը հավանության արժանացրեց Հին Հունաստանի անտիկ Օլիմպիական խաղերի  ավանդույթը վերականգնելու առաջարկը։

Նորաստեղծ ՄՕԿ-ի առաջին նախագահ ընտրվեց հույն Դեմետրուս Վիկելասը։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնեց  Պիեռ դը Կուբերտենը: Որոշվեց սկսած  1896 թ., չորս տարին մեկ անգամ  անցկացնել Օլիմպիական խաղեր ՝ աշխարհի բոլոր  երկրների պատվիրակների մասնակցությամբ: Բացի այդ, ներկաների միահամուռ ցանկությամբ, ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Աթենքը։ Անդրանիկ  մարզահանդեսում հայտավորվեցին  13 երկրների 311 մարզիկներ, որոնք  պայքարեցին 9 մարզաձևերում մեդալների համար: 

Խաղերի ավարտից հետո Կուրբերտենը դարձավ ՄՕԿ –ի նախագահ (1896 – 1900թթ․)։ Նա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ (1925 – 1937թթ․) մնաց մինչև իր կյանքի վերջը: Խաղերի հիմնադիրը մահացավ Ժնևում 1937-ին և հուղարկավորվեց Լոզանում, որտեղ  գտնվում  է ՄՕԿ-ի  նստավայրը: Նրա սիրտը իր իսկ ցանկությամբ  թաղված է առանձին ՝ Հին Օլիմպիայի ավերակների հարևանությամբ գտնվող հուշարձանում: 

Հունիսի 23-ը համարվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի  (ՄՕԿ) ծննդյան օրը: 1967 թ․ ՄՕԿ –ը  այդ օրը պաշտոնապես հայտարարեց  միջազգային օլիմպիական օր։

Հիշարժան տարեդարձի առթիվ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է մեր երկրի բոլոր օլիմպիականներին, չեմպիոններին, մրցանակակիրներին և նորանոր հաղթանակներ մաղթում  համաշխարհային գլխավոր մարզահանդեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում