16:41  ,  23 հունիսի, 2020

Կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Ղազարյանը

84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ղազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի բարձրագույն (օլիմպիական) կարգի մրցավար:

Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1961-1968 թվականներին՝ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ, 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար: 1987 թվականից՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ:

Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններով և ոսկե սուլիչով:

2002 թվականից ՌԴ Դաղստանի պատվավոր քաղաքացի էր:

Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունիսի 25-ին, ժամը 17:00-20:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը նույն վայրից, հունիսի 26-ին, ժամը 14:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English