19:04  +04,  17 հունիսի, 2020

ՉԼ-ի ու ԵԼ-ի նոր ձեւաչափը, անցկացման ժամկետներն ու մրցավայրերը

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի վերսկսումից հետո այդ մրցաշարերի ձեւաչափի փոփոխությունները, անցկացման ժամկետներն ու մրցավայրերը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Որոշվել է մրցաշարերն ավարտին հասցնել օգոստոսին առանց երկրպագուների։ Երկու մրցաշարերի մնացած փուլերի վիճակահանությունը կանցկացվի հուլիսի 10-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դեռ չանցկացված հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 7-8-ին։

Քառորդ եզրափակիչից սկսած զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում չեզոք խաղադաշտում։  

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կընդունեն Գերմանիայի Քյոլն, Դույսբուրգ, Դյուսելդորֆ եւ Գելզենկիրխեն քաղաքները օգոստոսի 10-ից 21-ը։

Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

2021 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Ստամբուլում, որը պետք է ընդուներ այս տարվա եզրափակիչը։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2022-ին կընդունի Սանկտ Պետերբուրգը, 2023-ին՝ Մյունխենը, 2024-ին՝ Լոնդոնը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը հաջորդ տարի կանցկավի Գդանսկում, 2022-ին՝ Սեւիլիայում, 2023-ին՝ Բուդապեշտում։

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլում զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս