01:58  ,  14 հունիսի, 2020

«Բարսելոնան» մրցաշրջանը վերսկսեց հաղթանակով՝ 4։0 (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հաղթանակով վերսկսեց մրցաշրջանը, որը մարտին դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Մալյորկային» եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո բացեց հանդիպման հաշիվը։

37-րդ րոպեին աչքի ընկավ դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը, որն առաջին գոլը խփեց կատալոնական թիմում։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ 29-ամյա Բրեյթուեյթը փետրվարին է իսպանական «Լեգանեսից» տեղափոխփել «Բարսելոնան» եւ չորրորդ հանդիպումն անցկացրեց։

79-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո հաշիվը 3։0 դարձրեց Ժորդի Ալբան։

Ավելացված երրորդ րոպեին հյուրերի չորրորդ գոլը խփեց Մեսին, որին արդյունավետ փոխանցում կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Երկրորդ խաղակեսում հանդիպումը մի քանի րոպե ընդհատվեց խաղադաշտ երկրպագուի մտնելու հետեւանքով։

Մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։

«Բարսելոնան» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, որը հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»։ «Մալյորկան» 25 միավորով 18-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 0։4 (տեսանյութ)

Արտուրո Վիդալ, 2, Մարտին Բրեյթուեյթ, 37, Ժորդի Ալբա, 79, Մեսի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում