09:24  ,  14 հունիսի, 2020

Արթուր Գեւորգյան․ Չեմ կարող շարունակել ՀԲՖ-ի ղեկավարումը, քանի որ բոլոր հաշիվներս արգելափակված են

Ես հրաժարական եմ տալիս, բռնցքամարտը չպետք է տուժի իմ հարցերի պատճառով: Ֆինանսական խնդիրների պատճառով չեմ կարող շարունակել ֆեդերացիայի ղեկավարումը, քանի որ իմ բոլոր հաշիվներն արգելափակված են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, որը պատրաստվում է հրաժարական տալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել է հետախուզում:

Մայիսի 21-ին Արթուր Գեւորգյանը, որը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործող նախագահն է, իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները:

Հրաժարականի գործընթացն արդեն սկսվել է: Առաջիկայում ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ համագումար կանցկացվի, որի ընթացքում նախատեսվում է ֆեդերացիայի կանոնադրության մեջ նախագահի թեկնածուների առաջադրման կետում փոփոխություններ մտցնել։ Դրանից հետո Արթուր Գեւորգյանը հրաժարական կներկայացնի եւ նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան:

Պարոն Գեւորգյան, կանոնադրության ի՞նչ փոփոխություն է տեղի ունենալու առաջիկա համագումարում:

Ես որոշել եմ հրաժական տալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել եւ կանոնադրությունում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ըստ մեր գործող կանոնադրության, ֆեդերացիայի նախագահի պաշտոնում թեկնածություն դնելու իրավունք ունի վերջին երեք տարում ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ եղած անձնավորությունը: Սա ինձ համար ընդունելի մոդել էր, որը հնարավորություն էր տալիս երեք տարվա ընթացքում ծանոթանալ ֆեդերացիայի գործունեությանը, հետո արդեն թեկնածություն դնել նախագահի պաշտոնում:

Քանի որ հիմա մի տեսակ ֆորսմաժորային իրավիճակ է, որոշել ենք ավելի լայն ասպեկտով հնարավորություն տալ մարդկանց մասնակցելու նոր նախագահի ընտրություններին: Փոփոխություն է լինելու կանոնադրության 11.9 կետում: Այժմ այդ կետը սահմանում է, որ ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել վերջին երեք տարում անընդմեջ գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքի, որին առնվազն ֆեդերացիայի անդամ 5 մարզական կառույցներ կամ առնվազն 3 մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն: Մենք ավելացնում ենք, որ այլ ցանկացողները եւս կարող են առաջադրվել այն պարագայում, եթե նրանք գործադիրին կներկայանան իրենց ծրագրով եւ գործադիրի առնվազն 75 տոկոսը հավանություն կտա այդ ծրագրին: Այս պարագայում տվյալ մարդու թեկնածությունը կհաստատվի, կուղարկվի ԱԻԲԱ:

Ե՞րբ է տեղի ունենալու առաջիկա համագումարը եւ ի՞նչ կարգով է կատարվելու կանոնադրության փոփոխությունը:

Արտահերթ համագումարը տեղի կունենա հունիսի 15-ին առցանց: Առաջարկվող փոփոխությունը կդրվի քվեարկության ֆեդերացիայի անդամների կողմից: Քանի որ համագումարը առնցաց է լինելու, ֆեդերացիայի բոլոր անդամներին մասնակցության հրավեր կուղարկվի: Քվեարկությունը կանցկացնենք այո/ոչ տարբերակով: Բոլոր մասնակիցները քվերակության իրենց պատասխանը օրիգինալ ստորագրությամբ կուղարկեն մեզ: Զրույցների միջոցով հասկացել եմ, որ առաջարկվող փոփոխությունը ֆեդերացիայի անդամների սրտով է, քանի որ նրանք էլ հակված են մեծ թվով թեկնածուներ ունենալ, որպեսզի ընտրության հնարավորություն ունենան: Եթե քվեարկությամբ ընդունվի փոփոխությունը, կուղարկենք պետռեգիստր, կհաստատենք, կգրանցենք:

 Ես ԱԻԲԱ-ին խնդրել եմ, որպեսզի թույլ տա արտահերթ համագումարով նոր նախագահի ընտրություն անցկացնել: ԱԻԲԱ-ն տվել է իր համաձայնությունը, որ, ըստ իմ ցանկության, նշանակվի օր ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության համար: Այս խնդիրները լուծելուց հետո նորից արտահերթ համագումար կհրավիրվի, հնարավորություն կտանք թեկնածուներին ներկայացնել իրենց ծրագրերը գործադիր մարմնին, օր կնշանակենք, 15 օր շուտ բոլորին կտեղեկացնենք եւ արդեն մեծ համագումարով կանցկացվի նախագահի ընտրությունը:

Հրաժարականը վերջնական որոշո՞ւմ է:

Այս պահի դրությամբ սա վերջնական որոշում է: Չեմ կարծում՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում շատ բան փոխվի: Չեմ ցանկանում ֆեդերացիայի շուրջ մեր այս խոսակցությունը քաղաքականացնել: Բայց այս քաղաքական հետապնդումները իմ անձի նկատմամբ, այս «բեսպրեդելը» չեմ կարծում առաջիկա շաբաթների ընթացքում դադարի: Որքան մեր մարզիկների, մարզիչների համար դժվար է, պատկերացնելու չի, հրաժարականն անխուսափելի է:

Ես բռնցքամարտից չեմ հեռանա: Չգիտեմ՝ ով, ինչ թիմ կլինի ղեկավար կազմում, բայց ես մնալու եմ, լինելու եմ նրանց ավագ ընկերը: Հիմա ֆեդերացիան կարիք ունի մի մարդու, որն անընդմեջ կլինի ֆեդերացիայի եւ մարզիկների կողքին: Ճակատագրի բերումով ես այժմ բացակայում եմ, 1,5 տարի չեմ կարողանում անմիջական հանդիպումներ ունենալ մարզիկների, մարզիչների հետ, չնայած որ մշտապես կապի մեջ եմ եղել: 

Եթե ավելի հստակ շարադրենք, ո՞րն է Ձեր հրաժարականի բուն պատճառը:

Իմ հաշիվները սառեցված են, կալանքի տակ են: Իմ ունեցվածքը կալանքի տակ է, ինչը աբսուրդ է: Ես ԱՄՆ-ում տուն եմ գնել այն ժամանակ, երբ ես արդեն պաշտոնատար անձ չէի եւ չպետք է հայտարարագրեի: Բայց հիմա այս «նորերը», փորձում են ինձ համոզել, որ ես տունը ձեռք եմ բերել մինչեւ հունվարի 14-ը եւ պարտավոր էի հայտարարագրել, այնինչ ես իմ տունը ձեռք եմ բերել մարտի 6-ին. սա նույնն է, որ մարդուն համոզեն՝ մածունը սեւ է կամ դու չես ծնվել ապրիլին, ծնվել ես հունվարին: Սա մեծ ախմախություն է: Իրենք պարտվելու են դատական պրոցեսներում եւ խայտառակ են լինելու: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը:

Ֆինանսական խնդիրներն են պատճա՞ռը:

Այո: Բա մարզիչներն ու մարզիկները որտեղի՞ց աշխատավարձ ստանան: Մարզիկներն ամեն տարի բարձր արդյունքների համար խոշոր պարգեւավճարներ են ստացել: Բռնցքամարտը չպետք է տուժի իմ հարցերի պատճառով: Դրանք իմ խնդիրներն են, եւ ես սովոր եմ ինքս լուծել այդ խնդիրները՝ առանց որեւէ մեկին ներքաշելու: Բռնցքամարտն իմ հոբբին է, եւ ես չեմ ցանկանում քաղաքականացնել այն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով