20:46  ,  11 հունիսի, 2020

Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հիմնել են բռնցքամարտի «12 rounds» նոր ակումբ (ֆոտո)

Երեւանի Խորենացու 47/7 հասցեում հունիսի 11-ից կգործի «12 rounds» բռնցքամարտի նոր ակումբ, որի նախաձեռնողները պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, Հայաստանի հավաքականի նախկին անդամներ Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանն են:

«12 rounds» ակումբի պաշտոնական բացումը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված, բայց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ եւ նաեւ ակումբի մարզիչներ Գոռն ու Նարեկը մարզումները սկսել են այսօրվանից:

Բռնցքամարտի ակումբի ստեղծման, նպատակների եւ նախաձեռնության իրականացման աշխատանքների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող, «12 rounds» ակումբի համահիմնադիր Նարեկ Աբգարյանի հետ:

Նարեկ, ո՞ւմ նախաձեռնությունն էր Երեւանում հիմնել բռնցքամարտի ակումբ:

Նախաձեռնությունը իմն ու Գոռինն է: Մտահղացումը եղել է երկուսինս միաժամանակ: Քանի որ այս շրջանում կարանտինում ենք եւ ստիպված մեր մարզումներն անում էինք բացօթյա, այնպես էր ստացվում, որ ամեն օր տարբեր մարդիկ, բռնցքամարտի սիրահարներ պարբերաբար ինձ եւ Գոռին գրում էին, ցանկություն հայտնում միանալ մեզ հետ բացօթյա մարզումներին: Այդպես մեր մարզումներին միանում էին շատերը, բայց նրանք մեզ ավելի շատ խանգարում էին, քանի որ ավելի շատ ժամանակ էինք տրամադրում այդ երիտասարդների հետ աշխատանքին:

Զրույցների եւ քննարկումների արդյունքում եկանք այն մտքին, որ մեզ հետ մարզվող ցանկացողների համար հատուկ ժամեր նշանակենք եւ վայր ընտրենք, որպեսզի ոչ մեր մարզումները տուժեն, ոչ էլ ցանկացողներինը, բացի այդ նաեւ կվարձատրվենք:

Այդ ընթացքում մեր ընկերներից մեկը՝ ռուսաստանաբնակ Հովհաննես Քերոբյանը առաջարկեց մարզումները կազմակերպել ոչ թե դրսում, այլ հիմնել ակումբ, բացել մարզադահլիճ եւ պրոֆեսիոնալ զբաղվել ակումբի աշխատանքներով: Նա ուներ տարածք եւ առաջարկեց հենց այդտեղ էլ հիմնել մեր ակումբը:

Ես եւ Գոռն ուսումնասիրեցինք տարածքը, այն մեզ շատ դուր եկավ եւ նախաձեռնեցինք տարածքի շինարարական աշխատանքները: Տարածքը շատ հարմար է բռնցքամարտի մարզումներ անցկացնելու համար, ունի նաեւ մեկ նկուղային հարկ, որը հետագայում ծրագրում ենք դարձնել ֆիթնես դահլիճ:

Ո՞վ է ֆինանսավորել դահլիճի վերակառուցման աշխատանքները:

Ամեն ինչ արել ենք երեք ընկերներով մեր ֆինանսական միջոցներով, ռինգ ենք տեղադրել, մինչեւ անգամ սանհանգույցը մեր ուժերով ենք արել: Մարզագույքը ձեռք ենք բերել Հայաստանից: Դահլիճում կա մեկ ռինգ, 5 տանձիկ, բռնցքամարտով զբաղվելու համար մի քանի այլ միջոցներ եւ ֆիզիկական վարժությունների համար նախատեսված մարզագույք:

Ովքե՞ր են մարզվելու «12 rounds» ակումբում:

Նրանք, ովքեր սիրում են սպորտը, բռնցքամարտը եւ ցանկանում են մարզվել: Որեւէ խտրականություն չենք դնելու, մեր դռները բաց են լինելու բոլոր ցանկացողների համար: Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների համար կունենանք առանձին ժամեր եւ մարզումների առանձին ծրագիր, սիրողականների, աղջիկների համար՝ առանձին: Կազմակերպելու ենք այնպես, որ որեւէ մեկը չկաշկանդվի մեր դահլիճում մարզվելիս: Աղջիկների խմբերն առանձին կլինեն, տղաներինը՝ առանձին: Այսինքն՝ աղջիկների մարզումների ժամանակ տղաներ դահլիճում չեն մարզվի, որպեսզի հետագայում որեւէ խնդիր չլինի: Մի խոսքով, անկախ սեռից, տարիքից, գույնից՝ բոլորի համար մեր դահլիճում տեղ կա: Միառժամանակ 20 մարդ կարող է մարզվել, այնպես որ՝ սպասում ենք բոլորին:

Մարզումները դո՞ւք եք անցկացնելու, թե՞ մարզիչներ կունենաք:

Մարզչական աշխատանքը հիմնականում մենք ենք անելու, քանի որ այս միտքը մեզ տվող սպորտի սիրահարները ի սկզբանե ցանկացել են մարզվել հենց մեզ հետ: Ու քանի որ այս շրջանում կարանտին է, առաջիկայում դեռեւս նշանակված մենամարտեր չունենք, աշխատանքը կտանենք մենք: Հետագայում արդեն մեր թիմին կմիանան Հայաստանի հավաքականի նախկին անդամներից մի քանիսը, որոնք լավ արդյունքներ են գրանցել հավաքականում եւ մեզ հետ միասին են անցել ճանապարհը սիրողական բռնցքամարտում:

Մարզչությունը չի՞ խանգարի քո եւ Գոռի պրոֆեսիոնալ կարիերային:

Այդ հարցը նույնպես քննարկել ենք եւ երկուսս էլ որոշել ենք, որ ակումբի աշխատանքները ոչ մի կերպ չպետք է խանգարեն մեր պրոֆեսիոնալ կարիերային, քանի որ երկուսս էլ դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու պրոֆեսիոնալ ռինգում: Երբ արտակարգ դրությունն ավարտվի, երկրների սահմանները բացվեն, ես եւ Գոռն անմիջապես կմենկենք ԱՄՆ, կվերսկսենք մեր մարզումները եւ կնախապատրաստվենք մեր հետաձգված մենամարտերին: Կան մարդիկ, որոնք այդ ընթացքում կզբաղվեն դահլիճի աշխատանքներով: Չենք ցանկանում շուտ անցնել մարզչական կարիերային:

Ինչո՞վ է առանձնանալու «12 rounds» ակումբը Երեւանում եւ Հայաստանում գործող մյուս բռնցքամարտի դահլիճներից:

Այստեղ բռնցքամարտի այլ ոճ է լինելու: Մենք աշխատելու ենք ամերիկյան ոճով՝ ինչ տեսել եւ սովորել ենք ԱՄՆ-ում: Հայաստանում տիրող մարզումային մեթոդները սիրողական բռնցքամարտում շատ հնացած են, 90 տոկոսն անում են 50 տարվա վարժություններ: Սովետական դպրոցը դեռ չի լքել մեզ: Բայց բռնցքամարտը տեխնիկայի պես արագ է զարգանում, օր օրի փոխվում է: Մեր մարզիչների հիմնական մասը չի հասկանում դա եւ մնացել է նույն տեղում: Մեր մարզումային մեթոդներն այլ են լինելու: Ովքեր կգան, կմարզվեն, իրենց վրա կզգան եւ կհասկանան՝ ինչ նկատի ունեի: Կուզենք, որ հավաքականն էլ մարզվի մեր դահլիճում: Եթե հավաքականի մարզիչները որոշեն, որ հարմար է դահլիճը մարզումներ անցկացնելու համար, սիրով կընդունենք նաեւ մեր հավաքականին:

Նարեկ, սա իր տեսակով բիզնես նախաձեռնություն է, որն իրականացնում եք ընկերներով: Մտավախություն չունե՞ս, որ մի օր բիզնեսը կվնասի քո եւ Գոռի ընկերական հարաբերություններին:

Այս հարցն ինձ ընտանիքիս անդամներն էլ են տվել: Ես եւ Գոռը շատ երկար ճանապարհ ենք անցել միասին, շատ ենք ճանապարհորդել, միասին ապրել: Մեր ընկերության մեջ կա դրված մի կանոն, որ եթե որեւէ մեկին ինչ-որ բան է անհանգստացնում, պետք է խոսել, հասկանալ: Նույն պայմանը դրվեց նաեւ այս նախաձեռնությունը իրականացնելիս: Հուսամ, երբեւէ խնդրի առաջ չենք կանգնի: Եթե լինի էլ, մենք կխոսենք, կքննարկենք եւ ընդհանուր հայտարարի կգանք:

Հիշեցնենք, որ Նարեկ Աբգարյանը 14 անընդմեջ հաղթանակ ունի պրոֆեսիոնալ ռինգում, Գոռ Երիցյանը՝ 13: Երկուսն էլ անպարտելի են: Բռնցքամարտիկները մինչեւ կարանտինը պետք է մենամարտեր անցկացնեին ԱՄՆ-ում եւ պայմանագիր կնքեին ամերիկյան հայտնի Top Rank Promotions-ի հետ: Բռնցքամարտիկները Top Rank-ի հետ պայմանագիր կկնքեն կարանտինի ավարտից եւ մենամարտեր նշանակվելուց հետո:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում