11:01  ,  10 հունիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ պաշտպանը Հունաստանից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Հունական AS Sourmena ակումբում հանդես է գալիս 17-ամյա հայ եզրային պաշտպան Ազատ Սարգսյանը:

«Ազատը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 14-ին Աթենքում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ֆուտբոլիստի հայրը՝ Արմեն Սարգսյանը:

«Իմ որդին ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից, խաղում է եզրային պաշտպանի դիրքում: Ազատը հանդես է գալիս հունական AS Sourmena ակումբում, որի հիմնական թիմ տեղափոխվել է Մ-18 տարեկանների պատանեկան թիմից:

Զուգահեռաբար Ազատն անհատական մարզումներ է անցկացնում բրազիլացի մասնագետ Ֆաբիո Ավգուստո Մաչադոյի հետ:

Տարեսկզբին իմ որդին առաջարկներ էր ստացել Apollon Smyrnis FC և Ethnikos Piraeus FC ակումբների Մ-18 տարեկանների թիմերից, սակայն տեղափոխությանը խանգարեցին դպրոցի դասերը: Նա նաև առաջարկ էր ստացել Պորտուգալիայից:

Ազատն արդեն ավարտել է դպրոցը և հունիսի 11-ին կմեկնի Ֆրանկֆուրտ, որտեղ փորձաշրջան կանցնի գերմանական JFV Mittelhessen ակումբում: Որդուս մրցելույթներին հետևել են մարզիչը և ակումբի տեխնիկական տնօրենը, այնպես որ պայմանագիր կնքելու հավանականությունը մեծ է: Սպասվում է, որ Ազատը կխաղա Մ-19 տարեկանների թիմում, իսկ 1 տարի անց կտեղափոխվի գլխավոր թիմ:

Իմ որդին ունի Հունաստանի քաղաքացիություն, սակայն մեր ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, եթե Ազատը հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից: Մենք հպարտ ենք, որ հայ ենք: Շատ հաճելի էր նախորդ տարի Աթենքի օդանավակայանում հանդիպել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով