03:05  ,  8 հունիսի, 2020

Clutch Chess International. Արոնյանը 6 պարտիայում հաղթեց Գրիշչուկին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում հաղթանակով պայքարը սկսեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։

Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է։ Առաջին 6 պարտիաներում Լեւոն Արոնյանը մեկնարկեց պարտությամբ, հետո խաղաց ոչ ոքի, իսկ երրորդ պարտիայում հավասարեցրեց հաշիվը։

Չորրորդ եւ 5-րդ պարտիաները եւս ավարտվեցին ոչ ոքի, իսկ վճռական պարտիայում Արոնյանը սեւերով հաղթանակ տարավ եւ վաստակեց 5 միավոր։ Գրիշչուկն ունի 3 միավոր։ 5-րդ եւ 6-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Արոնյանն ու Գրիշչուկը կանցկացնեն եւս 6 պարտիա՝ վիճարկելով կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Մյուս դիմակայություններում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 4,5։3,5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սյոնգին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2,5։5,5 հաշվով պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 5,5։2,5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի եւս մեկ ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին։

Հունիսի 8-9-ին տեղի կունենա քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները։ 11-րդ եւ 12-րդ պարտիաներում հաղթանակի համար կտրվի 3-ական միավոր, ոչ ոքիի համար՝ 1,5-ական միավոր։ Մինչեւ 60-րդ քայլը ոչ ոքի առաջարկել չի կարելի։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս