23:32  ,  7 հունիսի, 2020

«Օլիմպավանի» տնօրեն․ Պատրաստ ենք ընդունել եւ մեկուսացնել 150 մարզիկի, կազմակերպել հավաքներ

Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրությունը շարունակվում է: Հայկական մարզաշխարհը շարունակում է մարզումները ոչ մարզադահլիճային պայմաններում: Այս ընթացքում հիմնականում տուժում են մենապայքարային մարզաձեւերի ներկայացուցիչները: Մասնավորապես, բնականոն մարզումներին չեն վերադարձել ըմբշամարտի հավաքականները, ձյուդոիստները, բռնցքամարտիկները: Երեւանի «Օլիմպավանը», որը մշտապես ընդունել է ազգային հավաքականներին, այս շրջանում նույնպես չի գործում:

Մայիսի 22-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց կորոնավիրուսի տարածման հետեւանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկման ընթացքում բարձրացվեց մենապայքարային մարզիկների մարզումները կազմակերպելու հետ կապված խնդիրներ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, Երեւանի «Օլիմպավանի» տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանն առաջարկեց Երեւանի «Օլիմպավանում» մեկուսացնել մենապայքարային մարզաձեւերի հավաքականներին՝ ըմբիշներին, բռնցքամարտիկներին, ձյուդոիստներին, որպեսզի Օլիմպիական խաղերին պատրաստվող մարզաձեւերի ներկայացուցիչները հնարավորություն ունենան վերադառնալ բնականոն մարզումներին:

Պարոն Հովհաննիսյանը, Ձեր կողմից արված առաջարկը ԱԺ-ի աշխատանքային քննարկման ընթացքում, ուժի մե՞ջ է:

Իմ առաջարկն ուժի մեջ է եւ այն, կարծում եմ, շատ լավ լուծում է մեր մարզիկների եւ մարզաշխարհի համար: Թող հավաքականներին մեկուսացնեն «Օլիմպավանում», առողջապահության նախարարությունից ներկայացուցիչ լինի, որպեսզի հետեւի գործընթացին, բոլոր կանոնները պահպանելով՝ կարող ենք կազմակերպել մեր մարզադահլիճային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մենապայքարային ձեւերը շատ են տուժում, միայն բացօթյա մազումներով չենք կարող բավարարվել: Մարզիկները, օրինակ, ձյուդոիստներն այս ընթացքում այնքան ուժային են արել՝ այլեւս չեն զգում տատամին, մրցակիցներին:

ԱԺ աշխատանքային քննարկումից եւ Ձեր առաջարկից հետո չխոստացա՞ն, թե երբ կպատասխանեն։ Որոշակի ժամկետներ չքննարկվեցի՞ն:

Այնտեղ միայն քննարկում էր, հարց ու պատասխան եւ վերջ: Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մենք անմիջապես մեր ֆեդերացիայում, նախագահի, մարզիկների եւ մարզիչների հետ կազմեցինք անհատական, բացօթյա մարզումների ծրագիր եւ սկսեցինք առաջնորդվել դրանով: Բայց մարզիկներին այլեւս այդ անհատական մարզումները չեն օգնում, նրանց անհրաժեշտ են մարզադահլիճային մարզումներ: Վստահ եմ՝ ինչպես ձյուդոիստները, այնպես էլ ըմբիշները, բռնցքամարտիկները արդեն խիստ կարիք ունեն գորգային, ռինգային մարզումների: Ես իմ առաջարկն արեցի, որպեսզի հնարավորություն տանք մարզիկներին ժամանակի մեջ տեղավորվել եւ վերակագնվել, հասցնել մինչեւ 2021 թվականը: Դեռ առաջարկիս պատասխանը չեմ ստացել:

Օլիմպավանը կարո՞ղ է միանգամից այդքան մարզիկների ընդունել:

Մենք պատրաստ ենք բոլորին էլ ընդունել, ունենք բոլոր պայմանները, հյուրանոցային համարները: Միաժամանակ 150 մարզիկի կարող ենք ընդունել, մեր ամբողջ թիմն էլ կմիանա աշխատանքին, ճաշարանը կաշխատի: Այս ամենն, իհարկե, մեծ ծախսերի հետ է կապված: Պետական ապարատը պետք է միանա այս աշխատանքներին, աջակցի, որպեսզի կարողանանք կազմակերպել: Այստեղ կմեկուսանան այն մարզաձեւերի ներկայացուցիչները, մասնավորապես, այն մարզիկները, որոնք պատրաստվում են Օլիմպիական խաղերին:

Մենք բժիշկների հսկողության տակ մեր երեխաներին նորմալ «տիրություն» կանենք, կպահենք: Կարեւոր նախապայմանն այն է, որ ամբողջ գործընթացին միանա Առողջապահության նախարարությունը, մեզ բժիշկներ հատկացնեն, որոնք էլ կհսկեն մարզիկներին, կհետեւեն նրանց առողջությանը: Բացի Առողջապահության նախարարության ներկայացուցիչներից, թող կառավարությունից էլ ներկայացուցիչներ գան, հետեւեն, որ հետագայում որեւէ խնդիր չառաջանա, չասեն՝ մի բան պակաս, մի բան ավել արեցինք:

Սա կարող է օգնել մարզիկներին մինչեւ 70 տոկոս պատրաստվել, մարզավիճակ հավաքել մինչեւ միջազգային մրցաշարերի մեկնարկը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում