17:44  ,  5 հունիսի, 2020

«Ռեալը» 80 միլիոն եվրո է առաջարկել Հավերցի համար, «Բայերը» մերժել է

Մադրիդի «Ռեալը» Լեւերկուզենի «Բայերի» 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի համար առաջարկել է 80 միլիոն եվրո, սակայն գերմանական ակումբը մերժել է, հաղորդում է Bild-ը։

Արքայական ակումբը նաեւ առաջարկել է հաջորդ մրցաշրջանում Հավերցին վարձակալությամբ թողնել «Բայերի» կազմում։ Գերմանական ակումբը Հավերցի վաճառքից ակնկալում է առնվազն 100 միլիոն եվրո։

Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Լոնդոնի «Չելսին»։

Հավերցը «Բայերի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2016-ից, 2018-ից խաղում է Գերմանիայի հավաքականում։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հավերցը մասնակցել է 26 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 81 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English