09:10  ,  3 հունիսի, 2020

Էդգար Բաբայանը՝ NEWS.am Sport-ի համար. Հաղթական գոլի և Դանիայի առաջնության վերսկսման մասին (ֆոտո)

Դանիայի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ռանդերսի» նկատմամբ: Հաղթանակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը՝ 36-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը:



NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է ֆուտբոլային դադարից հետո առաջին պաշտոնական հանդիպման և հաղթական գոլի մասին:

«Շատ ուրախ ենք, որ 260 օր անց կրկին հաղթանակ տարանք: Վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակի հանդիպումների շարքը և 3 միավոր վաստակել: Ամբողջ թիմով հավատում էինք այս հաջողությանը, պետք է շարունակենք նույն ոգով:



Լավ մարզավիճակում եմ գտնվում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միայն մեկ շաբաթով էինք ընդհատել մարզումները, այնուհետև մարզվել ենք փոքր խմբերով: Իմ նպատակն ակումբին օգնելն է, շատ ուրախ եմ, որ կարողացա դառնալ հաղթական գոլի հեղինակ:

Անսովոր էր խաղալ առանց հանդիսականների, քանի որ մենք սովորել էինք երկրպագուների աջակցությանը: Առջևում մեզ շատ կարևոր հանդիպումներ են սպասվում»,- նշել է Էդգար Բաբայանը:

Դանիայի ընթացիկ առաջնության 23 խաղերում Էդգար Բաբայանը դարձել է 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս