11:47  ,  1 հունիսի, 2020

Ֆավր. Չգիտեմ՝ ինչու է Սանչոն նման բան արել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը խոսել է Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Պադերբորնի» դեմ խաղում թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի պահվածքի մասին:

«Ես չգիտեմ՝ ինչու է Սանչոն նման բան արել: Ես անձամբ չեմ տեսել այդ շնորհավորանքը և միայն հանդիպման ավարտից հետո մամուլում եմ տեսել, որ Սանչոյի համազգեստի վրա ինչ-որ բան է գրված»,- Ֆավրի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

«Պադերբորնի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո Ջայդոն Սանչոն խաղաշապիկի վրա արված գրությամբ աջակցություն է հայտնել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ցույցերի դուրս եկած սևամորթներին:

Ամերիկյան մի քանի նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու մեջ: Սպիտակամորթ ոստիկանները սեւամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 26-ին իրավակարգի պահպանման 4 աշխատակցին էլ հեռացրել են, նրանցից մեկը կալանավորվել է ոչ դիտավորյալ կատարած սպանության մեղադրանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում