00:23  ,  1 հունիսի, 2020

Լիգուրիայի չեմպիոն Գրիգոր Դավթյանի հայր․ Մեր ընտանիքի երազանքն է, որ Գրիգորը ներկայացնի Հայաստանը

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ մարզիկների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանը:

Իտալական Լիգուրիայի մարզում բնակվում է 14-ամյա բռնցքամարտիկ Գրիգոր Դավթյանը: Նա ներկայացնում է All Boxing Team ակումբը եւ հանդես է գալիս 47 կգ քաշային կարգում:

«Բռնցքամարտով զբաղվում եմ 10 տարեկանից: Սկզբնական շրջանում զբաղվել եմ ըմբշամարտով, սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է բռնցքամարտը: 2 տարի մարզվել եմ Գերմանիայում, արդեն 2 տարի մարզվում եմ Իտալիայում: Ինձ մարզում է հայրս: Մասնակցել եմ 7 մրցաշարի, ճանաչվել եմ Լիգուրիայի չեմպիոն»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գրիգոր Դավթյանը:

Պատանի մարզիկը բռնցքամարտի նկատմամբ սերը ժառանգել է հորից՝ Մարտուն Դավթյանից, որը երիտասարդ տարիներին 2 անգամ ճանաչվել է քիկբոքսինգի Հայաստանի չեմպիոն:

«Գրիգորը ծնվել է 2006 թվականին Երեւանում: Ընտանիքով տեղափոխվել ենք Գերմանիա 2016 թվականին, 2 տարի անց տեղափոխվել ենք Իտալիա: Գրիգորը Հայաստանում զբաղվում էր ըմբշամարտով: Գերմանիայում կարճ ժամանակ ըմբշամարտով զբաղվելուց հետո նա սկսեց զբաղվել բռնցքամարտով: Ես՝ ինքս Գերմանիայում աշխատում էի որպես բնռցքամարտի մարզիչ: Իտալիա տեղափոխվելուց հետո մարզչական արտոնագիր եմ ստացել Իտալիայի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից եւ այժմ աշխատանքս շարունակում եմ այստեղ:

Գրիգորը հաղթանակ է տարել գրեթե բոլոր մենամարտերում, որոնց մասնակցել է, հաղթել է Լիգուրիայի չեմպիոնին: Իտալացի մարզիչները շատ գոհ են նրանից եւ նույնիսկ ասում են, որ Իտալիայում նրա տարիքային խմբում Գիրգորի պես բռնցքամարտիկ չկա: Մինչեւ նոյեմբեր Գրիգորը կմենամարտի 13-14 տարեկանների, իսկ նոյեմբերից հետո՝ 15-16 տարեկանների խմբում:

Մշտական կապի մեջ ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Ուշադրությամբ հետեւում ենք ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայաստանից առաջարկ ստանալու դեպքում Գրիգորը մեծ սիրով կներկայացնի իր հայրենիքը: Դա ոչ միայն նրա, այլեւ մեր ընտանիքի երազանքն է»,- նշեց Գրիգորի հայրը՝ Մարտուն Դավթյանը:

Վահե Աղաջանյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում