22:31  ,  29 մայիսի, 2020

Ֆեդերերը տարեկան եկամուտով առաջ է անցել Ռոնալդուից եւ Մեսիից

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը՝ Forbes-ի վարկածով։ Մինչեւ հարկերի վճարումը Ֆեդերերը նախորդ 12 ամսում վաստակել է 106,3 միլիոն դոլար՝ պարգեւավճարներ (6,3 միլիոն) եւ գովազդային եկամուտներ (100 միլիոն)։ Ֆեդերերը Forbes-ի վարկանիշը գլխավորած առաջին թենիսիստն է։

Նա առաջ է անցել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (105 միլիոն դոլար) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից (104 միլիոն դոլար)։

Տասնյակում են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (95,5), ամերիկացի բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը (88,2), Ստեֆեն Կարին (74,4), Կեւին Դյուրանտը (63,9), ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը (62,3), ամերիկյան ֆուտբոլի խաղացողներ Քիրկ Քազինսը (60,5) եւ Քարսոն Վենթցը (59,1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում