00:40  ,  29 մայիսի, 2020

Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-ին

Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան Ա Սերիայի եւ ակումբների ղեկավարների հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 13-14-ին Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներով։ Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։

Կողմերը համաձայնության են հասել նաեւ կորոնավիրուսի պանդեմիայի նոր ալիքի դեպքում մրցաշրջանն ավարտին հասցնելու սցենարների վերաբերյալ։

«Եթե ստիպված լինենք դարձյալ դադարեցնել մրցաշրջանը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ունի երկու տարբերակ․ փլեյ-օֆֆի ձեւաչափով հանդիպումներ կամ առաջնության վաղաժամ ավարտ թիմերի զբաղեցրած տեղերով»,- նախարարի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Իտալիայի առաջնությունը դադարեցվել է 26-րդ տուրի հանդիպումներից հետո։ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներում Միլանի «Ինտերը» տանը 0։1 հաշվով պարտվել է «Նապոլիին», «Միլանը» սեփական խաղադաշտում 1։1 հաշվով է խաղացել «Յուվենտուսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում