20:44  ,  27 մայիսի, 2020

«Ինտերը» Մարտինեսի համար պահանջում է 80-90 միլիոն եվրո եւ Ֆիրպոյի տրանսֆերը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ Միլանի «Ինտերը» շարունակում են բանակցել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցով։ Իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 80-90 միլիոն եվրո եւ կատալոնական թիմի 23-ամյա պաշտպան Խունիոր Ֆիրպոյի տրանսֆերը, հաղորդում է gazetta.it-ը։

«Ինտերը» մերժել է 50 միլիոն եվրոյի եւ երկու խաղացողի տրանսֆերի առաջարկը, որն արել էր «Բարսելոնան»։

Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին եւ գումարն օգտագործել Մարտինեսի տրանսֆերի գործարքում։ Կոուտինյոն վարձակալությամբ հանդես է գալիս Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում», որը ցանկանում է մեկ տարով երկարաձգել նրա վարձակալությունը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մարտինեսը մասնակցել է 22 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում