10:01  +04,  28 մայիսի, 2020

«Բարսելոնայի» հայ մարզիչը. NEWS.am Sport-ի հարցազրույցը (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում աշխատող հայ մասնագետների:

Կատալոնական «Բարսելոնայի» ամերիկյան ակադեմիայում աշխատում է մարզիչ Վահան Մարտիրոսյանը:

NEWS.am Sport-ի հետ զրույցում 30-ամյա մասնագետը պատմել է Վանաձորից ԱՄՆ իր ճանապարհի, New York City FC-ում և Barca Residency Academy USA-ում իր աշխատանքի, ֆուտբոլի համաշխարհային աստղերի հետ ծանոթության ու Հայաստանում աշխատելու ցանկության մասին:

ՎԱՆԱՁՈՐԻՑ` ԱՄՆ. 23 ՏԱՐԵԿԱՆՈւՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԱՐԻԵՐԱ

«Ծնվել եմ Վանաձորում 1989 թվականին: Մանկության տարիներին այդքան էլ հաճախ ֆուտբոլ չեմ խաղացել: Հիշում եմ, որ մի քանի անգամ մարզումների եմ այցելել «Լոռիի» ստադիոնում: Հիշում եմ նաև՝ ինչպես մի անգամ մարզվեցինք դատարկ լողավազանում:

Երբ 9 տարեկան էի, տատիկիս ու պապիկիս հետ տեղափոխվեցի Երևան: Այդ ժամանակ ծնողներս մշտական բնակության մեկնեցին ԱՄՆ՝ ապագայում մեզ համար լավ կյանք ապահովելու հստակ նպատակով:

Ծնողներիս հետ վերամիավորվեցի 2004 թվականին ԱՄՆ-ում: Հենց այնտեղ էլ սկսեցի կայուն կերպով զբաղվել ֆուտբոլով: Սովորելուս զուգահեռ հանդես եմ եկել մի քանի թիմերում: Այստեղ ծանոթացել ու խաղացել եմ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: Ֆիլիպինների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիս Գրեյթվիչը ներկայումս իր ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է: Իմ նախկին թիմակիցներից ոմանք հանդես են գալիս ՄԼՍ-ում:

Չնայած նրան, որ շատ ուշ եմ ֆուտբոլիստի կարիերա սկսել, կարողացել եմ հասնել մինչև ԱՄՆ-ի երրորդ դիվիզիոն, քանի որ պարզապես ապրում էի ֆուտբոլով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես ֆուտբոլով սկսեի զբաղվել մի քանի տարի շուտ: Ես հաճախ եմ այդ հարցն ինձ տվել: Այնուամենայնիվ, ինչ եղել է, արդեն անցյալում է»:

ԱՇԽԱՏԱՆՔ NEW YORK CITY FC-ՈւՄ. ՎԻԵՅՐԱ, ՍԻԼՎԱ ԵՎ ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐԸ

«20 տարեկանից սկսեցի հետաքրքրվել և զբաղվել մարզչական աշխատանքով: Տարբեր պատանեկան թիմերում աշխատելուց հետո ես համալրեցի իմ առաջին մեծ ակումբը՝ New York City FC-ին, որտեղ հանդիսանում էի ակադեմիայի պատանեկան թիմերի մարզիչների օգնական: 

Դա անհավանական բարձր մակարդակ էր: Այդ ակումբում ես հանդիպեցի ֆուտբոլային աշխարհի շատ աստղերի, որոնց նախկինում միայն հեռուստատեսությամբ էի տեսել: Նույն սեղանի շուրջ Պատրիկ Վիեյրայի և Դավիդ Վիլիայի հետ նստելը, զանազան թեմաներով նրանց հետ խոսելը շատ արժեքավոր փորձ էր, որը ես երբեք չեմ մոռանա:

New York City FC-ի հանդիպումներից մեկի ժամանակ նստած էի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի կողքին: Որպես մանչեսթերյան ակումբի վաղեմի երկրպագու՝ ես չէի կարող բաց թողնել շոտլանդացի մարզչի հետ ծանոթանալու հնարավորությունը:

Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել ամերիկացի լեգենդար ֆուտբոլիստ, ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին ավագ Կլաուդիո Ռեյնան: Ինձ բախտ է վիճակվել աշխատել նրա որդու հետ, որը կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ»:

ՏԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»

«New York City FC-ում բեղմնավոր աշխատանքից հետո ես շատ հետաքրքիր առաջարկ ստացա և տեղափոխվեցի կատալոնական «Բարսելոնայի» ամերիկյան ակադեմիա՝ Barca Residency Academy USA, գլխավորեցի ակադեմիայի Մ-18 տարեկանների պատանեկան թիմը:

Շատ դժվար է համեմատել այս ակադեմիաները: Երկուսն էլ ամենաբարձր մակարդակի վրա են: Ստեղծված են բոլոր պայմանները ֆուտբոլիստների և մարզիչների առաջընթացի համար: Ամեն ինչ քո ձեռքերում է`աշխատիր և առաջընթաց ունեցիր:

Երկու ակադեմիաներում էլ խաղաոճը գրեթե նույնն է, պաշտպանությունից հարձակման անցնելիս խրախուսվում են ազատ գործողությունները: Թե՜ New York City FC-ում, և թե՜ Barca Residency Academy USA-ում շեշտը դնում են գնդակը վերահսկելու վրա»:

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»

«Ես անընդհատ մտածում եմ այն մասին, որ կարող եմ իմ մարզչական հմտություններով օգտակար լինել Հայաստանին: Ես ուզում եմ հասնել այնպիսի մակարդակի, որից հետո վստահորեն կարող եմ ասել. «Պատրաստ եմ»: Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, և ես օգտակար կլինեմ իմ հայրենիքին»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ