09:07  ,  27 մայիսի, 2020

Կարեն Ասմարյան․ Հայաստանը կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշար առաջին անգամ է ընդունելու (ֆոտո)

Օգստոսին Երեւանում նախատեսված է լողափնյա վոլեյբոլի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որին մասնակցելու են Արեւելյան Եվրոպայի երկրների թիմերը: Հայաստանը կանանց վարկանիշային մրցաշար առաջին անգամ է ընդունելու, չնայած նրան, որ այս մարզաձեւը Հայաստանում այդքան էլ զարգացած չէ եւ մասսայականություն չի վայելում:

NEWS.am Sport-ը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի հետ զրույցել է առաջիկա մրցաշարի, Հայաստանում կանանց լողափնյա վոլեյբոլի մասսայականության, վերաբերմունքի, աղջիկների բարդութավորվածության, մարզաձեւի նկատմամբ պետական վերաբերմունքի մասին:

Պարոն Ասմարյան, Հայաստանը կընդունի լողափնյա վոլեյբոլի կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշար: Ինչպե՞ս, որտե՞ղ եւ ե՞րբ է այն անցկացվելու:

Առաջնությունն արդեն 3 անգամ անցկացրել ենք Հայաստանում: Այս տարի նույն առաջնությունն է լինելու՝ ուղղակի կանանց: Հայաստանում առաջին անգամ չի, որ օլիմպիական վարկանիշային մրցաշար է կազմակերպվում: Նախորդ տարվա տղամարդկանց մրցաշարն էլ է եղել վարկանիշային: Ուղղակի լավ չի լուսաբանվել եւ լայն արձագանք չի գտել, որ Հայաստանում լողափնյա վոլեյբոլի վարկանիշային մրցաշար է տեղի ունեցել:

Մրցաշարը տեղի է ունենալու օգոստոսի 28-30-ը «Գրանդ Սպորտ» համալիրում: Դեռ նախնական են օրերը. սպասենք, տեսնենք այս պանդեմիան՝ ինչ անակնկալներ մեզ կմատուցի:  Վարկանիշային մրցաշարը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Կմասնակցի 9 երկրից ավելի քան 16 թիմ:

Ֆեդերացիան հայտ ներկայացրեց մրցաշարը Հայաստանում անցկացնելու համար, Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ֆեդերացիան հաստատեց, քանի որ արդեն մի քանի անգամ միջազգային մրցաշար անցկացնելու փորձ ունենք եւ բարձր գնահատական ենք ստացել կազմակերպչական աշխատանքի համար: Շատ կարեւոր է, որ Հայաստանին, մեր ֆեդերացիային վստահում են եւ հնարավորություն են տալիս ընդունել օլիմպիական վարկանիշային  մրցաշար մեր երկրում՝ երբեւէ չունենալով Օլիմպիական խաղերի մասնակից:

Ինչո՞ւ որոշեցիք հենց աղջիկների մրցաշարը բերել Հայաստան:  

Խնդիրն այն էր, որ տղամարդկանց մրցաշար երեք անգամ արդեն ընդունել էինք, եւ այն մեզ համար դարձել էր, մի տեսակ, միատոն: Ուզեցինք՝ մի քիչ հետաքրքրությունն ավելանա: Աղջիկների մրցաշարն ավելի շատ հանդիսատես կարող է բերել: Բացի այդ՝ սա լավ հնարավորություն է, որ Հայաստանում կանանց լողափնյա վոլեյբոլը սկսի զարգանալ, մասսայականանություն վայելի, աղջիկները նաեւ ունենան հնարավորություն փորձելու իրենց ուժերը օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Իսկ մեր կանանց թիմերը մրցունա՞կ են վարկանիշային մրցաշարի համար, ի՞նչ արդյունքներ կարող են գրանցել:

Այս պարագայում այս մրցաշարի համար մրցունակ են: Փետրվարին Ծաղկաձորում անցկացրինք նույն մրցաշարը ձյան վոլեյբոլի եւ առաջին անգամ պատմության մեջ Եվրոպայի մեդալ նվաճեցինք: Նույն ակնկալիքն ունենք նաեւ այս մրցաշարից, որ գուցե կարողանանք մեդալ նվաճել:

Ինչ վերաբերում է վարկանիշներին, այդ առումով, որեւէ հնարավորություն չունենք, քանի որ վարկանիշ ձեռք բերելու համար շատ մրցաշարերի պետք է մասնակցեն: Մենք կարող ենք, օրինակ, սպիտակ քարտով գնալ Օլիմպիական խաղեր, բայց ՀԱՕԿ նախագահը որոշել է, որ պետք է հրաժարվենք սպիտակ քարտերից: Դեռ որեւէ հավակնություններ չունենք Օլիմպիական խաղերում թիմ ունենալու:

Այս պահին աղջիկների մրցաշար անցկացնելու նպատակը հենց այն է, որ զարգացնենք, տեղից շարժենք կանանց վոլեյբոլը: Տղաների լավ թիմեր ունենք, լավ խաղացողներ, բայց աղջիկների խնդիր ունենք: Օրինակ՝ մարզազգեստի հետ կապված մեծ խնդիր ունենք աղջիկների շրջանում: Բարդութավորվում են. վայ, ինչպես սա հագնեմ, վայ, ինչ կասեն: Սեւանում անցկացրած միջազգային մրցաշարում մեր աղջիկների մամաներին ու պապաներին երեք օր համոզում էինք, որ պետք է տոպիկ հագնեն:

Ինչպե՞ս եւ որտե՞ղ են կազմակերպվելու մարզումները կարանտինով պայմանավորված: Որտե՞ղ են հիմա մարզվում հայ վոլեյբոլիստները:

Այս շրջանում վոլեյբոլիստները չեն մարզվում, հիմնականում բացօթյա մարզումներ են անում բուսաբանական այգում՝ վազք, ֆիզիկական վարժություններ եւ այլն: Այս պահին «Գրանդ Սպորտը» փակ է: Սպասում ենք, թե երբ կբացվի, որպեսզի թիմերը կարողանան ավազի վրա մարզվել եւ պատրաստվել մրցաշարին: Հունիսի 15-ից կփորձենք կազմակերպել նաեւ լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Բացօթյա է, պետք է, որ հնարավոր լինի անցկացնել:

Իսկ ինչո՞ւ է լողափնյա վոլեյբոլի վարկանիշային մրցաշարն անցկացվում «Գրանդ Սպորտում» եւ ոչ Սեւանում:

Ոչ մի այլ տարբերակ չունենք: Սեւանում անցկացրինք մրցաշարը. այն ժամանակ տարածքը սեփական էր, կարողացել էինք համաձայնության գալ սեփականատիրոջ հետ, ավազ էինք բերել: Այժմ այդ տարբերակը չունենք, ավազի խնդիր ունենք, բացի այդ Սեւանի եղանակն անկանխատեսելի է, քամոտ: Սա մեր գերխնդիրներից մեկն է, որ չունենք կորտեր վոլեյբոլի համար: Եթե ունենայինք 2-3 կորտ կամ ֆեդերացիան իր կորտերն ունենար, մենք կանցկացնեինք նաեւ աշխարհի գավաթի փուլեր, ավելի բարձր մակարդակի առաջնություններ Հայաստանում: Այս պահին դաշտը մեկ հատ է եւ պետք է հարմարվենք: Պետք է կարողանանք «Գրանդ Սպորտի» հետ գալ համաձայնության, որ հանդիսատեսի համար պայմաններ ստեղծվեն, նստարաններ ավելացվեն, քանի որ վստահ եմ՝ մեծ թվով հանդիսատես է գալու աղջիկների մրցաշարին հետեւելու: Այս ամենը հաշվի առնելով մեծ հույս ունեմ, որ մարզահամալիրն էլ մեզ կաջակցի, կօգնի, որ հանդիսատեսին տեղավորենք: Հուսանք՝ մինչեւ 2022 թվականը ֆեդերացիան կունենա վոլեյբոլի իր մարզաբազան: Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ո՞ւ մ կողմից է ֆինանսավորելու մրցաշարի անցկացումը։

Միջազգային ֆեդերացիան մեզ ապահովում է միայն մրցավարների ծախսով, մնացած ամեն ինչ ընդունող երկիրն է պարտավոր անել: Այս պահին դեռեւս ծախսերը միայն ֆեդերացիայի վրա է: Թերեւս կդիմենք Կառավարության աջակցության համար: Օրինակ՝ ձյան վոլեյբոլի միջազգային մրցաշարի ֆինանսական ծախսերն ամբողջությամբ հոգաց ֆեդերացիան մեր բյուջեով եւ հովանավորներով: Դիմեցինք Կառավարությանը, բայց չաջակցեցին՝ մեկնաբանելով, որ ձմեռային վոլեյբոլը օլիմպիական մարզաձեւ չի, փորձենք գտնել հովանավորներ: Այդ մրցաշարի միայն մրցանակային ֆոնդը 6000 եվրո էր:

Այս մրցաշարի համար, որն արդեն օլիմպիական վարկանիշային է, պետք է դիմենք Կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գոնե գումար հատկացնեն, որպեսզի կարողանանք կազմակերպել, անցկացնել: Սա էլ է մրցանակային ֆոնդով՝ 4000 եվրո:

Ես շատ կուզեմ, որ խաղային մարզաձեւերի նկատմամբ պետական ուշադրությունը փոխվի: Ձյան վոլեյբոլի Եվրոպայի երրորդ տեղի մեդալ նվաճեցինք Ծաղկաձորում. նախադեպը չէր եղել հայկական սպորտի պատության մեջ եւ մոտ ապագայում  դժվար այդպիսի մեդալ նվաճենք: Ցավում եմ, բայց մեր բարձրաստիճան այրերից, պաշտոնյաներից որեւէ մեկն այդպես էլ չեկավ Ծաղկաձոր՝ մեր մեդալակիրներին պարգեւատրելու, կամ թեկուզ տեսնելու, թե նրանք ինչ են անում, ինչ մեդալ են նվաճել: Հրավիրել էինք բոլորին էլ, բայց որեւէ մեկը չեկավ: Այ սա է մտահոգիչ, որ սպորտի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, ուշադրությունը մեծացվի, գոնե մեր ղեկավարները հետաքրքրվեն՝ ինչ խնդիր կա, ինչը պետք է լուծվի:

Մենք այժմ չենք հավակնում Օլիմպիական խաղերում մասնակից թիմ ունենալուն, բայց եթե պետական ուշադրությունն այլ լինի, աջակցություն լինի խաղային ձեւերին, գուցե 2024-ում ունենանք: Ֆեդերացիայի բյուջեն 14 միլիոն դրամ է: Այս բյուջեով երեք մարզաձեւ պահելը  ֆանտաստիկայի ժանրից է: Ով լսում է, ծիծաղում է:

Ուրիշ երկրներում խաղային ձեւերը շատ են գնահատվում, բայց մեր երկրում կենտրոնացած են մենապայքարային ձեւերի վրա. հասկանալի է՝ մեդալները շատ են: Աշխարհում մասսայականությամբ ավելի բարձր են խաղային ձեւերը: Եթե 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ամենադիտարժան խաղը եղել է լողափնյա վոլեյբոլի կանանց եզրափակիչը, պատկերացրեք, թե ինչ կլինի Հայաստանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում