19:35  ,  26 մայիսի, 2020

Կապարոս․ Կցանկանայի, որ Հայաստանի բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուների ելույթներին արտերկրում եւ Հայաստանի առաջնությունում: 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապարոսը ներկայացրել է Հայաստանի առաջնության 18-րդ տուրից ստացած տպավորությունները:  

«Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն։ 

Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»,- նշել է Կապարոսը: 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Հայաստանի առաջնության վերսկսումից հետո անցկացվել է մեկ տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում