21:09  ,  25 մայիսի, 2020

«Բավարիայի» գլխավոր մարզիչ․ Դեռ վաղ է Էրլինգ Հոլանդին համեմատել Ռոբերտ Լեւանդովսկու հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բորուսիայի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է դորտմունդյան ակումբի 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։ Թիմերը կհանդիպեն Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում։

«Հոլանդը երիտասարդ խաղացող է, որը ցանկանում է պարզապես գոլ խփել եւ միշտ շարժվում է մրցակցի դարպասի ուղղությամբ։ Նա անհավանական ակտիվ է, հսկա է, բայց դրա հետ նաեւ շատ շարժունակ է։ Բայց մենք չենք կենտրոնանալու միայն նրա վրա։

Հոլանդն առաջին մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում եւ վաղ է նրան համեմատել Ռոբերտ Լեւանդովսկու հետ, որը արդեն մի քանի տարի համաշխարհային մակարդակի վրա է։ Հոլանդն ունի հսկայական ներուժ»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Դորտմունդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

«Բավարիան» Բունդեսլիգայի առաջատարն է եւ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում