20:15  ,  22 մայիսի, 2020

Անչելոտի․ Ռոնալդուի հետ աշխատանքը մարզիչ լինելու ամենահեշտ ճանապարհն է

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին, որոնց հետ 2013-2015 թվականներին աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

«Ռոնալդուի համար պետք է ապահովել հարմարավետ պայմաններ խաղադաշտում։ Պետք չէ նրա նման խաղացողին ներգրավել պաշտպանությունում։ Իհարկե, նրանք պետք է միասին աշխատեն, բայց Ռոնալդուի նման ռմբարկուն առանց պաշտպանության մասին տեղեկությունների էլ գոլ է խփում ամեն խաղում։

Նրա նման ֆանտաստիկ խաղացողի հետ աշխատանքը մարզիչ լինելու ամենահեշտ ճանապարհն է։ Նա պրոֆեսիոնալ է, լուրջ է, ունի բնավորություն եւ մոտիվացիա։

Սերխիո Ռամոսը նույնպես անհավանական վարպետ է։ Կարծում եմ՝ նրա լավագույն որակները մարտավարությունն ու տեխնիկան չեն, սակայն նա իր բնավորության եւ թիմակիցներին մոտիվացնելու շնորհիվ անփոխարինելի է։

Այն ժամանակ Ռամոսը կարեւոր էր հենց այդ դերում։ Նա միշտ կատարյալ մարզավիճակում էր կարեւորագույն խաղերում եւ ամենավճռական պահերին գլխավոր դերակատարն էր»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

60-ամյա իտալացի մասնագետն Արքայական թիմի հետ դարձել է Իսպանիայի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում